Գանձակում վեճի պահին 23-ամյա երիտասարդը 6 անգամ դանակով հարվածել է 30-ամյա համագյուղացուն

Մարտի 10-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, ու մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Գանձակ գյուղի բնակիչ, 30-ամյա Վազգեն Ս․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Վազգեն Ս․-ի և նրա համագյուղացու՝ 23-ամյա Հայրիկ Ե․-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով 6 անգամ հարվածել է Վազգեն Ս․-ի մարմնի տարբեր մասերին։

Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ մարտի 11-ին, գիշերը՝ ժամը 02։40-ի սահմաններում, կասկածյալ Հայրիկ Ե․-ն մեղայականով ներկայացել է Գավառի ոստիկանություն։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։ Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ