«Պլան Բ»-ից այլևս չեն խոսում, քանի որ չեն ցանկանում շարժումը «գլխատել»

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Հավաքվածները թեյելու և սրճելու արանքում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պողոտայում իրավիճակին համապատասխան տրամադրություններ են ապահովում հայրենասիրական երգերը։

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդները լրագրողների հետ զրույցում միաբերան պնդում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է դիմի Սահմանադրական դատարան վարչապետի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության առաջարկը վիճարկելու հարցով։ Նրանք լիահույս են, որ նախագահական աշխատակազմից առաջիկա ժամերին կստանան ցանկալի լուրեր։

Այսօր առաջնորդները «պլան Բ»-ից խոսել խուսափում են, քանի որ, Արթուր Վանեցյանի կես կատակ, կես լուրջ խոսքերով, Վազգեն Մանուկյանն արդեն դատարանի ճանապարհին է «պլան Բ»-ի մասին շատ խոսելու պատճառով, իսկ իրենք չեն ցանկանում, որ շարժումը «գլխատվի»։ Վերջինս համոզված է, որ «պլան Ա»-ն շատ լավ աշխատում է և «պլան Բ»-ի կարիք չի լինելու, պարզապես պետք է հանրային ճնշումը մի փոքր ավելանա։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն այս պահի դրությամբ շարժման օրակարգը մնում է նույնը՝ հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և ձևավորել ժամանակավոր կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ