Ռոբերտ Քոչարյանին համարո՞ւմ եք կոռուպցիոներ. Վանեցյանը շրջանցեց հարցը

Այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության» շարժման հանրահավաքի ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով իրենց ապագա քայլերի մասին և անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, նշեց.

«Հույս ունենք, որ նախագահը կիրականացնի իր խոստումը և անպայման կդիմի Սահմանադրական դատարան: Տրամաբանորեն չի լինի առաջին անգամ վարչապետին վերադարձնել Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկությունը՝ այն համարելով հակասահմանադրական և դրանից հետո չդիմել ՍԴ: Եթե չդիմի, տեղում կհասկանանք, թե ինչ ենք անում, և մեր գործողությունները կիրականացնենք»:

Հարցին՝ գնալո՞ւ են պլան «Բ»-ի, Վանեցյանն ասաց. «Վազգեն Մանուկյանը դատարանի ճանապարհին է պլան «Բ»-ի մասին խոսելու համար, եկեք ես զերծ մնամ, որովհետև ընդդիմությանը «կգլխատեն»: Պլան «Ա»-ն նորմալ աշխատում է, կարծում եմ՝ պլան «Բ»-ի իրագործման կարիք չի լինի»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպմանը՝ Վանեցյանը նշեց, որ դա բացառապես պարոն Ծառուկյանի որոշումն է՝ կգնա, կհանդիպի, թե ոչ:

Դիտարկմանը, որ երբ Վանեցյանը ԱԱԾ ղեկավարն էր Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էր կոռուպցիոն գործարքների միջոցով բիզնեսներ ձեռք բերելու մեջ, իսկ այժմ Քոչարյանը սատարում է այս շարժմանը, հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում միասին պայքարը, և արդյոք նրան այլևս չի՞ համարում կոռուպցիոներ, Վանեցյանը պատասխանեց.

«Ես այդ հայտարարությունից հետո իմ խոսքում շտկում եմ մտցրել, որից հետո որոշ շրջանակների կողմից դա մեկնաբանվել է այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Իսկ առհասարակ դա միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, կա դատարան, և դատարանը պետք է տա վերջնական գնահատականը՝ մարդը մեղավոր է այս կամ այն հանցանքի մեջ, թե ոչ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ