![]()
Երրորդ ամիսն է 20-ամյա Էմին Ունուսյանը երազներ չի տեսնում: Գուցե եւ տեսնում է, սակայն չի հիշում, քանի որ հոկտեմբերի 10-ից սկսած քնաբեր և ցավազրկող է խմում անտանելի ցավերը մեղմելու համար։
Արցախյան պատերազմի ժամանակ ստացած ծանր վիրավորումը անկողնուն է գամել Էմինին: Չլիներ պատերազմը, 2021թ-ի հունվարի 22-ին զորացրվելու էր, վերադառնար ծննդավայր՝ Շիրակի մարզի Ազատան գյուղ: Հաստատ աչքալույսի քեֆ էին անելու՝ հարազատներով, բարեկամներով ու ընկերներով, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց իրադարձությունների հերթականությունը:
Էմինը ծառայում էր Մատաղիսում, հասցրել էր լեյտենանտի կոչում ստանալ: Սեպտեմբերի 25-ին դիրքերում էին, երկու օր անց, լուսաբացին, թշնամին սկսեց հրթիռակոծությունը: «Մատաղիսի ամենավերջին պոստն իմն էր, սարի վրա էր, իրանք որ գրավեին համ Թալիշը հեշտ կեղներ գրավելը, համ Մատաղիսը, բայց իրանք Թալիշն ավելի շուտ էին գրավել, քան իմ պոստը,-պատմում է Էմինը,-մեզ նահանջ տվեցին, պոստում 9 հոգի էինք, ես դիրքի ավագն էի: Դասակիս հրամանատարը, տաշիրցի Ազարյան Հրանտը, զոհվեց հենց սեպտեմբերի 27-ին, մյուս ընկերոջս ոտքերը կտրվավ, մի քանիսն էլ վիրավորվան, պոստում մնացել էինք հինգ հոգի: Մեր դիրքի վրա իրանց «Յաշմա» ջոկատն էր հարձակվել, մինչեւ գիշերը ժամը 3-ը հետները բոյ ենք տվել, հետո նահանջել ենք ու երկու ժամով պոստն իրանց ձեռքն է եղել, հետո իրանք վերցրեցին իրանց դիակներն ու նահանջեցին: Մենք առավոտ շուտ գնացել ենք մեր հրամանատարի դիակը բերելու ու պոստը հետ վերցրեցինք միանգամից>:
![]()
Էմինը մի քանի րոպե լռում է՝ հավանաբար հիշելով այդ օրվա ծանր, մղձավանջային պահերը, հետո շարունակում.
«Ըդպես մե քանիմ օր մնացինք, էլ չէինք կրնա պահեինք դիրքը, համապատասխան զենքեր չունեինք, որ կրնանայիք բեսպիլոտնիկների դեմ կիրառեինք: Էնքան մնացինք, մինչեւ նահանջ տվեցին»: Էմինը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին, չի փրկել անգամ զրահաբաճկոնը: Վնասվել է տղայի ողնաշարը, կոնքազդրային հատվածը, ոտնաթաթը: «Վիրավորվել եմ էն օրը, երբ հրաման տվեցին գրավել Մատաղիսը: Մենք գնացինք, բայց չկարողացանք էնտեղից դուրս գալ: Խրամատ չկար, սովորական փոսի մեջ էինք, կրակելու տեղ էլ չկար, ուղղակի պառկած կսպասեինք, թե երբ պիտի կրակը դադարի: Չէինք կրնա դուրս գա, շատ կկրակեին՝ անընդհատ, մեր գումարտակի հրամանատարն հետո ըսեց, որ 280 հատ սնարյադ են գցել»,-Էմինի ձայնում հոգնածություն եմ զգում: Հարցնում եմ՝ ցավեր ունե՞ս: Հաստատում է գլխով, բայց չի հրաժարվում զրույցից:
![]()
![]()
աղբյուրւ՝ Hetq
![]()