Մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հանդիպումը

Այս պահին տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման Ֆեյսբուքի էջից:

Ավելի վաղ հաղորդագրություն էին տարածել, որում մասնավորապես ասվում էր․

Արտաքին գործերի նախարար
Արա Այվազյանին,
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ
Արմեն Աբազյանին,
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ
Օնիկ Գասպարյանին
Հարգելի՛ պարոնայք,

Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։

Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։

Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:

Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Կանխավ շնորհակալ եմ։
Վազգեն Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժում​​
08.01.2021թ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ