![]()
Ընթացիկ հարցերից ամենահրատապը, թերևս, Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են, հայտարարեց Հայաստանի վարչապետը այսօր ուղիղ եթերով հեռարձակված տեսաուղերձում։
«Ինչպես արդեն ասել էի նախկինում, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ և անհարմարություններ: Առավելևս՝ ստեղծում է էմոցիաներ: Ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է, կամ սպառնում է Սյունիքի կորստով։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է. այս ամենը արվում է՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար», — ընդգծեց վարչապետը՝ մանրամասնելով․ — «Ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետևանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում»:
«Որքան էլ դժվար է, այս ամենը մեզ չպետք է մղի հուսահատության. որովհետև մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը ապրի, Արցախը ապրի՝ հայ ժողովուրդը ապրի:
Եվ այսօր՝ ժամը 13.00-ից, մենք միասին մեր նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ ենք իրականացնելու՝ Հանրապետության Հրապարակից դեպի Եռաբլուր: Սա մի խոստում է մեր բոլոր եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի: Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս և մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին: Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել:
Ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները, և այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է: Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և ընդհանուր առմամբ կկայունացնի նաև ներքաղաքական վիճակը», — հայտարարեց Փաշինյանը։
![]()