![]()
ՀՀ կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման, Հայաստանի և Արցախի բազմաթիվ քաղաքացիներ հյուրընկալել են ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում կամ Արցախում գտնվող չափահաս քաղաքացիների:
«Լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության հետևանքով հյուրընկալող քաղաքացիներն ունեն ֆինանսական խնդիրներ, որի նպատակով անհրաժեշտ է վերջիններիս տրամադրել համապատասխան սոցիալական աջակցություն: Այդ նպատակով առաջարկվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն:
Ընդ որում` առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ»,- ասված է հիմնավորման մեջ:
Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։ Դիմումին կցվելու է նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը: Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվելու է ամսական միայն մեկ անգամ: Ընդ որում` սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե հյուրընկալվողը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման դիմում՝ կացարանի տրամադրումը դադարելու հիմքով կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվողի՝ Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու տեղեկության դեպքում։
Նախորդ նիստերից մեկում կառավարությունը հաստատել էր ևս մեկ նմանատիպ որոշում, որով սոցիալական աջակցություն կտրամադրի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց:
![]()