Իտալիայի 101-ամյա բնակչուհին երեք անգամ կորոնավիրուս է տարել

Իտալական Արդեննոյի բնակչուհի Մարիա Օրսինգերը, որն անցյալ ամառ դարձել է 101 տարեկան, արդեն երեք անգամ կորոնավիրուս է տարել: Չնայած լուրջ հիվանդությանը և մեծ տարիքին՝ նա իրեն լավ է զգում, հայտնում է La Provincia di Sondrio տեղական թերթը:

Առաջին անգամ Օրսինգերի մոտ վարակ է հայտնաբերվել դեռ փետրվարին, երբ Իտալիայում համաճարակը նոր էր սկսվում: Կնոջը հիվանդանոց են տարել հիվանդության մեղմ ախտանշաններով՝ առանց ջերմության և շնչառական դժվարությունների, և շուտով նա դուրս է գրվել:

Երկու ամիս առաջ տարեց կինը կրկին հիվանդանոցում էր: Սեպտեմբերին նա մի փոքր ջերմություն ուներ, բայց ընդհանուր առմամբ հիվանդությունը կրկին մեղմ էր:

«Մայրիկը 18 օր անցկացրեց հիվանդանոցում: Բժիշկներն ամեն օր զանգում էին մեզ: Նրանք շատ զարմացած էին, թե որքան լավ է նա տանում կորոնավիրուսը»- ասել է հիվանդի դուստր Ինեսը:

Հիվանդանոցում Մարիա Օրսինգերին բժիշկները պարզապես «Մարիա տատիկ» էին կոչում. բժիշկները հիանում էին այդ փոքրամարմին և փխրուն կնոջ երկաթե բնավորությամբ։ Բացասական թեստից հետո կինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել ծերանոց: Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ Մարիայի ընտանիքին զանգահարել են ծերանոցից. ընդհանուր ստուգման ժամանակ կնոջ կորոնավիրուսի թեստը կրկին ցույց տվել է դրական արդյունք:

«Այս անգամ նա միայն վարակվածն է եղել: Բայց նա ընդհանրապես ախտանշաններ չունի, լավ է զգում, նույնիսկ ախորժակը չի կորցրել: Գոյություն ունեցող կանոնների համաձայն՝ մենք դեռ չենք կարող այցելել նրան, բայց, իհարկե, անհամբեր սպասում ենք հանդիպմանը», – ասել է Օրսինգերի դուստրը:

Նշվում է, որ Մարիա Օրսինգերը ծնվել է հասարակ ընտանիքում՝ իսպանական գրիպի համավարակի շրջանում: Չնայած դրան, նա չի հիվանդացել իսպանական գրիպով: Իր կյանքի ընթացքում «Մարիա տատիկն» առանձնանում էր լավ առողջությամբ: Ըստ իր երեխաների՝ նա միշտ համարել է, որ աշխատանքը լավագույն դեղամիջոցն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ