![]()
Շիրակի մարզի Անիի նախկին տարածաշրջանի գյուղերում պահպանվում է պատմական մայրաքաղաքի հետքը: Այս գյուղերը հիմնադրել են Արևմտյան Հայաստանի գաղթականները, որոնք իրենց հետ Անիի մշակույթն ու կենցաղն են բերել: Օրինակը Բագրավան գյուղում է: Մինչ օրս գյուղի փոքրիկ թանգարանում պահպանվում են Անի մայրաքաղաքից բերված շինարարական գործիքներ, կենցաղային իրեր: Նաև այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենահին ձիթհանը: Այն կառուցել են գյուղի հիմնադիրները, և ձիթհանը համարվել է Բագրավանում առաջինը հաստատված գերդաստանի հարստությունը:
Բագրավանի վերջնամասում գտնվող կիսավեր շինությունն իրականում գյուղի ձիթհանն է: Պահպանվել են շինության 3 պատերը և քարե փողորակը, կամ ինչպես գյուղացիներն են ասում՝ գուռը: Ձեթի համար հումք հանդիսացող սերմերը կամ հենց բույսերը բովում էին վառարանի վրա, տրորում երկանքով, որը պտտում էին եզները: Ստացված խյուսը տեղադրում էին ծանրության տակ, և ձեթը քարե փողորակով հոսում էր կճուճների մեջ:
Ձիթհանի հարևանությամբ նաև եզների անասնագոմն է պահպանվել: Այս ամենը հիմա Բագրավանի հիմնադիր Մկրտչյանների ժառանգների սեփականությունն է:
Բագրավան են եկել Ղոշավանք՝ ներկայիս Հայկաձոր գյուղից: Անիի հաղթական կամարները հենց հին Ղոշավանքի տարածքում են: Այսինքն, ըստ գյուղացիներին հասած տեղեկությունների, պատմական մայրաքաղաքի սահմանները սկսվել են Ղոշավանքից: Բագրավանի հիմնադիրներին ՝ «գլավնիներ» են անվանել, որը նշանակել է, որ գյուղի առաջնորդներն ու մեծահարուստներն են եղել:
«Գլավնիներ են եղել գյուղի հիմնադիրները: Ունեցել ենք մի պապիկ՝ Մանուկը շատ աղա է եղել: Սովի տարիներին, երբ դիմել են ունևոր մարդկանց, թե քանիսին կկարողանան կերակրել, մեկն ասել է, որ 7 մարդ կտանեմ իմ տուն, մյուսը համաձայնել է 2 տնտեսության կերակրել, իսկ Մանուկ աղան ասել է, որ պատրաստ է 10 գյուղ վերցնել իր հովանու տակ և կերակրել: Ես հիշում եմ, որ ձիթհանի մեծ քարերը կային, որոնք հայրս, որպես թանգարանային նմուշ, նվիրել է: Հիմա քիչ բան է պահպանվում»,- SHANTNEWS-ին ասել է Բագրավան գյուղի հիմնադիրների թոռնուհի Նվարդ Մկրտչյանը:
Բագրավանը հիմնադրել են 1800-ականների վերջին: Ենթադրում են, որ նույն թվագրությունն ունի նաև ձիթհանը: Տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ ավելի վաղ թվագրության՝ 9-10-րդ դարերի խաչքար են նաև հայտնաբերել:
Բագրավանի հարևանությամբ, բայց սահմանային գոտում գտնվող Խարկովի պատմության ու կենցաղի թանգարանը Սեդրակ Խաչատրյանի տան մի անկյունում է բացվել:
Սկզբում Անիի եկեղեցիների մանրակերտներն էին միակ ցուցանմուշները, հետո արդեն ավելի արժեքավոր իրերով է այն համալրվել: Սեդրակ Խաչատրյանը Խարկովից Բագրավան տեղափոխված վերջին բնակիչներից է, իր հետ պատմական մայրաքաղաքի մասունքներից է բերել:
«Զանգի բեկորը, որը հայրս գտել է Անիից Խարկով ճանապարհին, իմ թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշն է: Վստահ եմ, որ այն Անիի եկեղեցիներից մեկինն է: Նաև գործիքներ են պահվում այստեղ, որոնք բերվել են նույն տարածքից: Անիի սահմանները սկսվել են Ղոշավանք, ներկայիս Հայկաձոր գյուղի տարածքից, որը Բագրավանին շատ մոտ է »,-SHANTNEWS-ին ասել է նմուշահավաք Սերդրակ Խաչատրյանը:
Անիից Խարկով ճանապարհին ՝ Ախուրյան գետի ձախ ափին, Անիի քարհանքերն են գտնվում: Նույն այս տարածքում Սեդրակ Խաչատրյանի նախնիները շինարարական գործիքներ են գտել:
Անիից Խարկով ճանապարհին ՝ Ախուրյան գետի ձախ ափին, Անիի քարհանքերն են գտնվում: Նույն այս տարածքում Սեդրակ Խաչատրյանի նախնիները շինարարական գործիքներ են գտել:
![]()
![]()