Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից օղի գնած բոլոր քաղաքացիներին ՔԿ-ն հորդորում է չօգտագործել այն եւ դիմել իրենց

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք ալկոհոլային խմիչք են գնել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, ՔԿ-ն հորդորում է չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Այս մասին հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն՝ հավելելով, որ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:

Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ինչպես արդեն հայտնել ենք, ալկոհոլային թունավորում նախնական ախտորոշմամբ երեկ ու այսօր բուժկենտրոններ է դիմել 16 անձ, նրանցից 11-ը մահացել է:

Հայտնի է նաեւ, որ ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահին բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ