![]()
Երեկ ավարտվել է ամառային զորակոչը: ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին 5-6 տարվա համեմատ այս տարի աննախադեպ արդյունքներ են գրանցվել զորակոչային ռեսուրս-զորակոչվածների թիվ հարաբերակցության առումով: Զորակոչվածների թիվը, բնականաբար, չհրապարակվեց:
Չհրապարակվեց նաեւ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի այս տարվա սաների թիվը, սակայն Բալայանը նշեց, որ այս դեպքում նույնպես աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել:
«Թիվը հրապարակման ենթակա չէ, բայց կարող եմ ասել, որ վերջին տարիների համեմատ աննախադեպ թվով կուրսանտներ ենք կարողացել ներգրավել, այսինքն՝ ռազմական կրթությունը եւ սպայի մասնագիտությունը վերականգնում են իրենց գրավչությունը: Դա մեր Կառավարության առաջնահերթություններից է, ինչի մասին ե՛ւ վարչապետը, ե՛ւ պաշտպանության նախարարը մի քանի անգամ հայտարարել են»:
Մյուս աննախադեպ արդյունքը, որի մասին իր ասուլիսի սկզբում հայտարարեց Բալայանը, հետեւյալն է. «Առաջին անգամ պատմության մեջ Մոնթե Մելքոնյան վարժարանը կարողացել է ընդունել աղջիկ սովորողների, մոտավորապես մեկ դասակ կարողացել ենք հավաքել շատ բարդ քննությունների արդյունքում»:
![]()