Ամերիկուհու դեմքը երկրորդ անգամ են փոխպատվաստել

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 45 բժիշկներից բաղկացած թիմը կատարել է կնոջ դեմքի երկրորդային փոխպատվաստում: Նա դարձել է աշխարհում երկրորդ մարդը, որն անցել է նման ընթացակարգ, գրում է Associated Press- ը:

2007 թվականին Կարմեն Բլանդին Թարլթոնի նախկին ամուսինը, խանդից ելնելով, բեյսբոլի բիտայով ծեծի է ենթարկել նրան և դեմքին թունավոր քիմիական նյութ լցրել: Տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել և դատապարտվել է: Նա մահացել է բանտում երեք տարի առաջ:

2014-ին Թարլթոնին դեմքի փոխպատվաստման առաջին վիրահատությունն են կատարել: Սակայն մեկ տարի առաջ նախկին բուժքրոջ մոտ բարդություն է սկսվել: Նրա համար դժվար է եղել սնունդ ընդունելը, նա չի կարողացել գոյատևել առանց ուժեղ ցավազրկողների:

Բժիշկները որոշել են ամերիկուհու դեմքը երկրորդ անգամ փոխպատվաստել: Վիրահատությունը տեղի է ունեցել հուլիսին և տևել է 20 ժամ:

Վիրաբույժները հեռացրել են առաջին տրանսպլանտատը և անանուն դոնորի դեմք են փոխպատվաստել: Բժիշկները խոստանում են, որ մի քանի ամսվա ընթացքում 52-ամյա հիվանդի մոտ կվերականգնվեն դեմքի զգայական և շարժողական գործառույթները, և նա կկարողանա վերադառնալ իր սովորական ապրելակերպին:

«Ցավը, որ ես ունեցել եմ, վերացել է: Սա իմ կյանքի նոր գլուխն է: Ես սպասում էի գրեթե մեկ տարի: Ես իսկապես երջանիկ եմ: Դա այն է, ինչ ինձ հարկավոր էր», – ասել է Կարմեն Բլանդինա Թարլթոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ