![]()
«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել մեր քաղաքը ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնելուն: Այդպես է հիմա, այդպես եղել է մինչև այս պահը, և այդպես էլ շարունակվելու է մինչև վերջ, որովհետև ես ինքս գտնում եմ, որ Երևանը շատ և շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է: Մեկուկես տարի է անցել, և արդեն շատ մեծ քայլեր են կատարվել այդ ուղղությամբ»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Գաղտնիք չէ որ շատերս, այդ թվում՝ ես, շատ ակտիվ Մաշտոցի պուրակի համար պայքարել ենք, և հիմա էլ եմ պայքարում. ամեն պուրակի համար, ոչ միայն այս պուրակի»,- նշեց Մարությանը և ավելացրեց,- Մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակներ, և այդ հաղթանակները ես, դառնալով քաղաքապետ, առաջ եմ տանում և ամրագրում եմ»:
«Ես հավատացնում եմ ձեզ, որ այս քաղաքի ամեն ծառի համար ես անձամբ և՛ պատասխանատու եմ, և՛ կռիվ եմ տալու, բայց, միևնույն ժամանակ, անցյալ տարեսկզբին ես հավաքեցի բնապահպանների մեծ խումբ և ասացի՝ գնացեք, գույքագրեք Երևան քաղաքում այն ծառերը, որոնք արդեն կենսունակ չեն, պոտենցիալ ունեն շուռ գալու, ընկնելու մեքենաների, մարդկանց վրա: Այդ պահին գույքագրեցինք 437 ծառ: Հիմա դրանց թիվը 500-ից ավելի է:
Այդ 437 ծառը գրանցեցինք և սկսեցինք հատել՝ զգուշացնելով մարդկանց, բայց գնալով շատանում են այդ ծառերը»,- ասաց նա:
Անդրադառնալով օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման խնդրին՝ նա նշեց.
«Պայքարում ենք անօրինականության դեմ, ես եմ վատամարդ դառնում մեկի համար, բայց գերակա շահ կա այստեղ, իմ որոշմամբ՝ լավություն եմ անում մի միլիոն մարդու. օպերայի գործով դատական պրոցեսների մեջ ենք,- ասաց քաղաքապետը և շարունակեց,- Ես ամեն ինչ անում եմ՝ ինչ հնարավոր է եղած օրենքների սահմաններում. արել եմ ու անելու եմ»:
Նա նշեց, որ քաղաքը բնապահպանական առումով շատ հեռու է նորմայից, և շատ անելիք կա:
«Միայն ծառերով չի, կա նաև ավտոմեքենաների խնդիր: Մի մեքենան կարող է այնպիսի ծուխ անել, որ մի անտառն էլ չի օգնի»,- ընդգծեց Հայկ Մարությանը:
![]()