Հայկ Սարգսյանը հերքել է իր կապը հանգստյան գոտու և երեկույթի հետ. Մակունցը մանրամասներ ներկայացրեց

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ՝ Սևանա լճի ափին տեղի ունեցած երեկույթի վերաբերյալ: Հուլիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մակունցը նշեց, որ Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել:

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ: Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, գտնվում է մի քանի օրով հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են հանգստանում: Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ մի պահ գտնվելով մարդաշատ վայրում, որտեղ եղել է առանց դիմակի: Հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը հավելեց, որ հասարակական վայրում առանց դիմակի լինելու հանգամանքով, Հայկ Սարգսյանը, հավանաբար, արդեն տուգանվել է:

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե նշված հանգստյան գոտին պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին, Մակունցը նշեց, որ Սարգսյանն այդ տեղեկությունները ևս հերքել է իր հետ զրույցում:

«Իմ հարցին ի պատասխան Սարգսյանը հերքեց, որ որևէ կապ ունի` թե՛ հանգստայն գոտու, թե՛ միջոցառման կազմակերպման հետ»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Հուլիսի 27-ին համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել Սևանա լճի ափին գտնվող լողափերից մեկում կազմակերպված երեկույթից, որտեղ գտնվող անձինք, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առանց պաշտպանիչ դիմակի են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ