57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է

Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։55-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 57-ամյա Անդրել Բ․-ն է, որը, մի քանի ժամ հետո վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, տղամարդը գտնվել է Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցման վերնամասում, որտեղից մոտ 10 մ բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ