![]()
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի ներդրմանը զուգահեռ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:
Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն այսօր վաղ առավոտյան՝ շուկաներում մսի մատակարարման ժամին, ստուգայց են կատարել Երևանի Խորենացու փողոցի մսի տաղավարներում (ԳՈՒՄ-ի շուկային հարող տարածք)՝ նպատակ ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, թե մսի տեղափոխման պայմանները և թե տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Տեսչական մարմնի մասնագետները եղել են այդ պահին գործող 9 տաղավարներում, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Բոլոր 9 տնտեսավարողների մոտ էլ արձանագրվել են խախտումներ: Տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Մի քանի տեղ մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, իսկ տաղավարներից երկուսի աշխատակիցները չեն ունեցել սանիտարական գրքույկներ
:Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:
![]()