![]()
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուղիղ եթերում խոսել է IT ոլորտում Հայաստանի հաջողություների մասին:
Արձանագրել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ընկերություններին տրվող հարկային արտոնությունների շնորհիվ այդ ոլորտում 30 տոկոսի աճ կա: Նախարարը խոսել է նաև ծրագրերի, մասնավորապես «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի մասին, որով նախատեսվում է այս տարի 45 հայ ձեռներեցի հնարավորություն տալ հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ «Սիլիկոնյան հովիտ»՝ ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների հետ:
Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվել աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով Սփյուռքի ներուժը, որն էլ իր հերթին ստեղծում է նոր կապեր հայ ձեռներեցների համար:
Այդ ծրագրով նաև մոտ 3 տասնյակ ուսանող է գործուղվելու «Սիլիկոնյան հովիտ»՝ ինժեներական հմտություններից բացի, գործարար կարողություններ ևս ձեռք բերելու համար: Նախարարը պատասխանել է այն հարցին, թե ինչպես կարելի է կանխել այն տեսական հնարավորությունը, որ «Սիլիկոնային հովիտ» այցելելուց հետո շատերը գուցե այլևս չցանկանան վերադառնալ Հայաստան:
Նախարարը նշել է, որ գործուղվողներն այն մարդիկ են, որոնք ոչ մի խնդիր չունեն երբևէ Հայաստանից գնալու:
«Այդ մարդիկ ո՛չ վիզայի, ո՛չ գիտելիքի խնդիր չունեն: Իրենք այն մարդիկ են, որ կարող են մեծ ընկերություն հիմնել կամ մեծ պրոդուկտ ստեղծել: Նրանց մեծ մասը վերադառնալու է, որովհետև աշխարհն է այդպես փոխվել: Հայաստանում ավելի լավանում է վիճակը թե՛ բիզնեսի, թե՛ ապրելու տեսանկյունից: Իսկ տեխնոլոգիական ոլորտն էլ մեծ մասամբ կապ չի ունենում այլևս աշխարհագրական դիրքի հետ»,- պարզաբանել է նախարարը:
![]()