![]()
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի թափուր պաշտոնի համար դեռեւս մրցույթ չի հայտարարվել:
Ճիշտ է, քաղաքապետարանը կարծես փորձում է անուշադրության մատնել, բայց Աննա Ստեփանյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
Կրթության ոլորտի միջոցառումներից մեկի ժամանակ տիկին Ստեփանյանին հանդիպելով հետաքրքրվեցինք` թափուր պաշտոնի մրցույթ հայտարարվե՞լ է: Նա սկզբում առաջարկեց. «Հարցրեք համապատասխան բաժնից, տեղյակ չեմ»:
Իսկ ինքը դիմե՞լ է թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար: «Դեռ չի հայտարարվել»,- պարզվեց տեղյակ լինելով` պատասխանեց նա:
Պաշտոնական հարթակներում, սակայն, որտեղ նշվում է քաղաքապետարանի հանրակրթության վարչության մասին, Աննա Ստեփանյանը ներկայացվում է որպես պետ, ու ակնարկ անգամ չկա, որ նա պաշտոնակատար է:
Այդ մասին չի շեշտվում նաեւ Ստեփանյանի գործունեության մասին քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրություններում:
Ավելին, նրա նշանակման վերաբերյալ քաղաքապետարանը տեղեկացրել էր. «Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը»:
Դա հունիսի սկիզբն էր: Եվ այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ նա այն նույն Աննա Ստեփանյանն է, որը ղեկավարում էր Երեւանի Սիամանթոյի անվան N 162 հիմնական դպրոցը, Երեւանի ավագանու մայիսի 14-ին կայացած ընտրությունների ժամանակ ընտրատեղամաս էր ներկայացել դիտորդի կեղծ փաստաթղթով եւ Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի` Գրիգոր Հայրապետովի եղբոր կինն է:
«Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ «համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով»: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:
![]()