![]()
Կառավարության արտահերթ նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետի առաջարկով ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին երեկվանից սկսված գործողությունները եւ այս պահին տիրող իրավիճակը:
«Երեկ 12-ն անց կես մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառով զինվորները դուրս են գալիս մեքենայից եւ շարժվում են դեպի մեր դիրքը: Դիրքը, կարեւոր է, որ բոլորն իմանան, գտնվում է ՀՀ տարածքում, անմիջապես ՀՀ սահմանի վրա: Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելով ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որը եւ իրականացվում է. թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը»,- ասաց Տոնոյանը:
Այնուհետեւ, ըստ նախարարի՝ սկսվում է 82 մմ-ով ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք: Այն կասեցվում է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով, հակառակորդը կրելով կորուստներ, նահանջում է:
Նախարարն ընդգծեց, որ տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը սկսվում է, որի դադարը եղել է գիշերը 3-ն անց կեսից 5-ն անց կես:
«Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ: Մեր կորպուսը իրականացնում է սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակն ամբողջությամբ վրահսկվում է եւ կառավարելի է»,- հավելեց նախարարը:
Փաշինյանը նկատեց, թե տպավորություն ստացվեց, որ հնարավոր է ադրբեջանցի զինվորները մոլորվել են: Հնարավո՞ր է՝ մեքենան են ուզեցել վերադարձնել, դրա համար են էդ գործողությունը սկսել՝ նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը:
«Եթե նման ցանկություն լիներ, պարոն վարչապետ, երեւի թե ինչ-որ ձեւաչափով կապի դուրս կգային եւ չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հավելեց, որ երեկվանից կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, տեղեկացրել են իրավիճակի վերաբերյալ:
![]()