Դատարանը մինչև հունվարի 9-ը հետաձգեց մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը: Լրագրողներին այդ մասին հայտնեց երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
Օրբելյանը դժգոհեց․ նրա խոսքով՝ դատարանն այսօր նույնիսկ չքննարկեց իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը՝ մոռանալով, որ նման միջնորդություններն, ըստ Քրեական դատավարություն օրենսգրքի, պետք է քննել անհապաղ։
Նախկին նախագահի փաստաբանը նաև պնդեց՝ քննիչն արհեստականորեն ժամանակ էր ձգձգում՝ ասելով, որ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ունի։
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանի պաշտպանը այսօր ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե այս միջնորդության համար մի շարք փաստարկներ են ներկայացրել, մասնավորապես այն, որ 4 ամիս՝ առաջին անգամ կալանավորվելուց և ազատ արձակվելուց հետո Քոչարյանը որևէ խախտում թույլ չի տվել: