Ինչո՞ւ և ինչպե՞ս խաչակնքվել

Անշուշտ բոլորիս մոտ էլ օրերից մի օր առաջանում է հարց` ինչու ենք մենք խաչակնքվում և որն է դրա իմաստը։ Դեռ մանկուց մեզ սովորեցրել են, որ եկեղեցի մտնելիս և աղոթք անելիս պետք է խաչակնքվել։ Բայց քչերն են իրենց մանուկներին բացատրում թե ինչու։

Երբ աղոթքից առաջ ասում ենք «Հանուն Հոր և Որդու և Սուրբ հոգու» միաժամանակ խաչակնքվում մենք խաչի նշանը որպես փրկության դրոշմ դնում ենք մեզ վրա։ Խաչակնքվելը ինքնին փոքրիկ աղոթք է, որով մենք Սուրբ Երրորդության անունը կկոչենք և կխնդրենք նրանց զորությունը։ Եկեղեցի մտնելիս և խաչակնքվելիս շատ կարևոր է հիշել, որ այդ ժամանակ մենք խնդրում ենք Սուրբ Երրորդությունից նրանց զորությամբ աղոթք անել։ Շատ կարևոր է ամեն անգամ սեղան նստելուց առաջ, գործ սկսելուց առաջ, ճանապարհ գնալուց առաջ և այլ գործեր անելուց առաջ փառք տալ Աստծուն և խաչակնքվել, քանի որ խաչակնքվելով մենք Աստծո ներկայությունը մեզ ենք բերում։

«Շատերն են խաչ կախում իրենց վզին, բայց ավելի կարևոր է, որ խաչ ունենան իրենց սրտին» Տեր Տաճատ ավագ քհն. Դավիդյան։

Խաչակնքվելով մենք 5 անգամ դիպում ենք մեր մարմին, այդ կերպ մեզ վրա վերցնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքները, քանի որ հենց Նա էլ վիրավորվեց իր մարմնի 5 տեղերում` ձեռքերին, ոտքերին և կողին գեղարդով։ Խաչ անելով մենք հիշում ենք Քրիոստոի խաչելությունը և մահը` մեր փրկության համար։ Խաչակնքվելը մեր հավատքի, շնորհակալության և ապաշխարության նշանն է, և պետք է գիտակցել, որ ամեն անգամ խաչակնքվելիս այս բաները տեղի են ունենում։ Եվ վերջում խաչակնքվելը դա ապացույցն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության։

Ինչպե՞ս խաչակնքել

Խաչակնքում են աջ ձեռքով`«Հանուն Հոր»: Ձեռքը տանում ենք դեպի վեր: Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը: Խաչակնքելիս ձեռքն առաջինը տանում ենք դեպի վեր՝ ասելով, որ մեր միտքը գամվեց խաչի վրա: Ձեռքը տանելով դեպի ճակատը հիշում ենք նաև, որ երկնքում էինք:

«Եվ Որդվո »։ Ձեռքն իջեցնում ենք ներքև՝ դեպի կուրծքը: Ձեռքն իջեցնելով կրծքին՝ խորհրդանշում ենք մահը և մտաբերում, որ երկիր ընկանք: Նաև՝ երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև՝ ցանկանում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ` Քրիստոս:

«Եվ Հոգվույն»։Ձեռքը տանում ենք դեպի ձախ: Կրծքի ձախ կողմը նշան դնելով՝ խորհրդանշում ենք այս աշխարհի կյանքը: Նշում ենք, որ ձախակողմյան (մեղավորների դասում) եղանք:

«Սրբո»։ Ձեռքը տանում ենք դեպի աջ: Կրծքի աջ կողմը նշան դնելով՝ խորհրդանշում ենք հանդերձյալ կյանքը, բայց հաստատում ենք, որ արդարների դասում ենք ցանկանում լինել:

«Ամեն»։ Ձեռքը բացված տանում ենք դեպի սիրտը՝ ասելով «Ամեն», այսինքն՝ ճշմարիտ է, հաստատում ենք այս ամենը: Խաչակնքելով՝ խորհրդանշում ենք Բանն Աստծու երկնքում լինելն ու երկիր իջնելը և դժոխքն ավերելը, որը ձախակողմյանների տեղն է, և դարձյալ Հոր աջ կողմում նստելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ