Գիտնականները պարզել են, որ տաք եղանակը չի սպանի կորոնավիրուսը


Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ օդի ջերմաստիճանը որևէ անմիջական ազդեցություն չունի կորոնավիրուսի տարածման վրա: Ուսումնասիրությունն իրականացրել են Տորոնտոյի համալսարանի մասնագետները:

Նրանք ուսումնասիրել են երկրագնդի բոլոր 144 աշխարհաքաղաքական տարածաշրջանները, որտեղ մարտի 20-ից ի վեր կորոնավիրուսով 10 և ավելի վարակման դեպքեր են արձանագրվել:

Գիտնականները որևէ կապ չեն գտել համաճարակի աճի և աշխարհագրական լայնության ու ջերմաստիճանի միջև, սակայն վավերագրել են կապը տարածման տեմպերի նվազման և զանգվածային հավաքույթների սահմանափակման, դպրոցների փակման և սոցիալական հեռավորության պահպանման միջև:

Հետազոտության հեղինակները նաև որոշակի առնչություն են հայտնաբերել խոնավության մակարդակի և վիրուսի տարածման տեմպի նվազման միջև, սակայն նշում են, որ սոցիալական հեռավորությունն ու այլ սահմանափակիչ միջոցառումներն առավել արդյունավել են կորոնավիրուսի դեմ պայքարում:

Մասնագետների խոսքով՝ «միայն հանրային առողջապահական միջոցառումներն են նպաստել վիրուսի տարածման տեմպերի նվազմանը»: «Վիրուսը հարմար պայմանների չի սպասում տարածվելու համար: Ամառը չի ստիպելու, որ այն անհետանա: Կարևոր է, որ մարդիկ դա իմանան»,- ասել է հետազոտության ղեկավար Փիթեր Ջունին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ