Ինչո՞ւ են վանքը անվանել Հաղպատ

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։

Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։

Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։

 

Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Հաղպատի վանական համալիրը գտնվում է համանուն գյուղի հարավարևելյան բարձրադիր     մասում` սարահարթի վրա:

Կառուցվել է X դարի 2-րդ կեսին, իսկ X-XIII դարերում Հայաստանի կարևոր հոգևոր և մշակութային կենտրոններից է եղել։

Համալիրի կազմում են Ս. Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատուն, գրատուն, զանգակատուն, մի քանի մատուռ – դամբարաններ և խաչքարեր, բաղնիք: Համալիրի շենքերի մեծ մասը կառուցված է կապտավուն, սրբատաշ բազալտից: Վանքը շրջապատված է աշտարակավոր  պարսպով: Տարածքից դուրս են գտնվում աղբյուր-հուշարձանը և մի քանի փոքր եկեղեցիներ:

1996 թ. համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ