Բանվորի արձանը կամ փառք ԱՇԽԱՏԱՎՈՐԻՆ

Բանվորի արձանը ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արա Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից էր: Գտնվել է Շենգավիթ վարչական շրջանում՝ ներկայիս մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում։ Հետագայում հրապարակը ժողովրդի շրջանում ստացել է «Բանվորի արձանի հրապարակ» անվանումը։

Արձանը, որ բացվել է 1982 թ. և բնութագրում էր հայ աշխատավորին, ուներ ուրույն ծավալային և գեղարվեստական լուծումներ:

ХХ դարի ականվոր արվեստաբան Վ. Ցելտները գրել է.

«Քանդակագործը մարմնավորել է իր համար ամենից գրավիչ հերոսական կերպարը, ընդ որում, պահպանելով կյանքի ընթացքում որդեգրած հավատարմությունը կենսական ճշմարտացիությունների նկատմամբ: Հազվադեպ է նրան հաջողվել իմի բերել ներկա ժամանակների բազմաթիվ իրողությունները, որոնք ժամանակակից բանվորի կերպարը դարձրել են առանձնապես հավաստի: Արձանում, անշուշտ, ամենից գլխավորը դարաշրջանի արտաքին նշանների հավաքակազմն է: Ինչպես և Ա .Հարությունյանի լավագույն այլ գործերում, ամենաէականն այստեղ արտահայտված է պլաստիկայի լեզվով՝ձևի, ծավալի, զանգվածի լեզվով: Դա ասես հենց ինքը՝ մեր ժամանակն է, նրա շարժումը՝ արտահայտված բանվորական վստահ երթով»։

Երևան, ցուրտ ու խավար 1997 թվականը։ Քանդակագործ Արա Հարությունյանի տանը հնչեց հեռախոսի զանգ։ Անծանոթ ձայն, մեկ-երկու ֆրազ։ Հարությունյանը ծանր հոգոց հանեց և հազիվ լսելի ձայնով ասաց․

– Բանվորի արձանը ջարդեցին․․․

Հետո գնաց իր աշխատասենյակ և պառկեց բազմոցին։ Տանը տագնապալի լռություն էր։ Մեկ տարի անց նա մահացավ։

Հարությունյանի մտահղացմամբ՝ հայի հերոսականությունը մարմնավորող 11 մետր բարձրությամբ չուգունե արձանը «քայլում էր դեպի Արևմտյան Հայաստան»։ Իր առաջքայլի մեջ հզոր ու շեշտակի պատկերաքանդակը մարմնավորում էր մարդկային ոգու ուժը։ Շատ արվեստաբաններ այս գործն անվանում են չարի դեմ պայքարող Միքելանջելոյի Դավիթի ժամանակակից կերպարավորում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ