![]()
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան այսօր իր «Տելեգրամ» ալիքում գրառում էր կատարել Արցախի մասին։ Մասնավորապես նա գրել էր․ «Մեր ընդհանուր նպատակն է լսել Qarabağ şikəstəsi-ն ղարաբաղյան հողում»։ Չափազանց հետաքրքիր է այն ենթատեքստը, որն առկա է Ադրբեջանի առաջին տիկնոջ ու համատեղության կարգով նաեւ՝ առաջին փոխնախագահի գրառման մեջ։
Եվ այսպես, ըստ ադրբեջանցի երաժշտագետ Ջամիլյա Գասանովայի, «Քարաբաղ շիքեստեսի»-ն ադրբեջանական հայտնի երգ է։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, «շիքեստեն» հանդիսանում է ադրբեջանական աշուղական երաժշտական-պոետիկ ամենատարածված ստեղծագործական ժանրերից մեկը։ Բառացի թարգմանությամբ «շիքեստե» նշանակում է «ջարդված» կամ «կոտրված»։
«Շիքեստեները» առաջին անգամ ադրբեջանական երաժշտական միջավայրում ի հայտ են եկել աշուղական արվեստում։ Դրանք լիրիկական կատարումներ են, հիմնականում ողբերգային տիպի, որոնք ներկայացնում են բաժանումը սիրելիից կամ բաժանումը Հայրենիքից /կարող է լինել նաեւ կարոտը Հայրենիքի հանդեպ/։
«Շիքեստեի» հիմքում բայաթին է, որը ադրբեջանական բանահյուսության հայտնի ժանրերից է։ «Շիքեստեներ» կարող են տարբեր լինել՝ ղարաբաղյան, շիրվանյան եւ այլն։ Հատկապես հայտնի են եղել «շիքեստեները» 18-19-րդ դարերում։ «Քարաբաղ շիքեստեի» ամենահայտնի կատարողը եղել է Խան Շուշինսկին 20-րդ դարում։ «Քարաբաղ շիքեստեի» տեքստը մի քանի փուլ է անցել զարգացման։ Նախնական տեքստի մեջ Խան Շուշինսկին ավելացրել է Սամեդ Վուրգունի բանաստեղծության տեքստը։
Այսօր «Քարաբաղ շիքեստեի» տեքստը, որի մասին գրել է Մեհրիբան Ալիեւան, հնչում է այսպես «Ես սիրահարված եմ Ղարաբաղին/, Շաքի, Շիրվան Ղարաբաղ/, Թող ամբողջ աշխարհն էլ դառնա դրախտ/, Չի մոռացվի Ղարաբաղը»։ Կարծվում է, որ «Քարաբաղ շիքեստե» բայաթին ստեղծվել է 18-րդ դարում Ղարաբաղի խան Աղաբաջի Աղայի դստեր կողմից, ով հայտնի բանաստեղծուհի է եղել եւ ամուսնացած է եղել Իրանի Ֆաթըհ-Ալի շահի հետ։
Վստահ ենք, որ Ադրբեջանցի տիկնոջ երազանքն անկատար կմնա ևիրեն բայաթին ստիպված կլինեն երգել բացառապես ադրբեջանական տարածքում:
![]()