«Մայիսին ավելի քան 7% տնտեսական ակտիվության աճ է գրանցվել». Տիգրան Ավինյան

Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ է գրանցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»,- մասնավորապես գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի մակարդակով Հայաստանն առաջին տեղում է:

2019 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 0.9 տոկոսով։ Միության երկրների շարքում ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է Հայաստանում՝ 7.1 տոկոս, այնուհետև Ղրղզստանում՝ 5.3 տոկոս։

Նշված ժամանակահատվածում միության ներսում ներդրումներն աճել են 1.4 տոկոսով, ընդ որում, ամենից բարձր աճը ևս նկատվել է Հայաստանում՝ 10.8 տոկոս։

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բացառությամբ փոխադարձ առևտրի, մնացած ցուցանիշների գծով ԵԱՏՄ-ում աճ է գրանցվել։ Այսպես՝ դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 384,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ ավելացել է 2.8-ով։ Ռուսաստանի մասնաբաժինն ընդհանուր արդյունաբերական արտադրանքում 88,5% է, Ղազախստանինը՝ 6,4%, Բելառուսինը՝ 4,5%, Հայաստանինը և Ղրղզստանինը՝ 0,3%։

ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի վերամշակող արդյունաբերությունը՝ 60.2 տոկոս, ինչը նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ նվազել է 0.8 տոկոսային կետով։ Հայաստանում հանքարդյունաբերության գծով անկումը կազմել է 2.4 տոկոս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ