«Վայ կործանվեց, փլվեց, մեր ազնիվ ցեղը վերանալու է….». վարչապետին զարմացնում են մեկնաբանությունները

«2018 թվականը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի էր և նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2018 թ-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահի փոփոխություն, վարչապետի 5 ընտրություն, Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտություններ և ի վերջո թավշյա հեղափոխություն:

«Ի՞նչ ունենք այս տարվա արդյունքում մակրոտնտեսական առումով. ունենք 5.2 տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած Կառավարությունը բյուջեում դրել է 4.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Այսինքն՝ պետական բյուջեն 2018 թ-ի արդյունքներով  չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն, և եթե այս առումով մոտենանք խնդրին,  կարող ենք ասել, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, քանի որ այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ բնականոն կյանքը լիարժեքորեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ 2018 թ-ին տեղի է ունեցել նաև պետական կառավարման համակարգի գլոբալ անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական. «Այս առումով կառավարության աշխատանքը այլ կերպ, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս տարվա ցուցանիշներին՝ ասաց, որ 2019 թ-ի առաջին եռամսյակում արձանագրվել է 7.1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միության տարածքում, իսկ ապրիլին գրանցվել է 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը նույնպես ամենաբարձրն է ԵԱՏՄ տարածքում:

Վարչապետը նշեց նաև, որ պետական բյուջեի եկամտային մասն էլ գերակատարվելու է առնվազն 62 մլրդ դրամով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ