«Ծպտուններդ չհանեք բանակի մասին, դուք թալանել եք այն». Նիկոլ Փաշինյանը` ՀՀԿ-ին

Դուք հաղթել եք, և սրանից հետո հաղթողի զգացողությունը երբեք ձեզ չպետք է լքի: Արթիկ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, դիմելով հրապարակում հավաքված քաղաքացիներին, ասաց վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրություններում և դրանից հետո մենք մեր հաղթանակը չէ, որ հետապնդում ենք, մենք ձեր հաղթանակն ենք հետապնդում, որովհետև ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը հետևյալն է. տարբեր ընտրություններում տարբեր քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքներով կլինեն առաջինը, երկրորդը, թե հինգերորդը, բայց բոլոր ընտրությունների արդյունքում հաղթողը պետք է լինի ՀՀ քաղաքացին»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով  հնչող մեղադրանքներին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Ծպտուններդ չհանեք բանակի մասին, «Հանրապետական» եք, ինչ եք, դուք թալանել եք բանակը, դուք թալանել եք երկիրը: Դուք արժեքներից չխոսեք, որովհետև դուք արժեզրկել եք բոլոր արժեքները:

Դուք ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունը և ձեր համար «Բռաբուսներ» եք առել: Հիմա դուք պետք է ծախեք ձեր «Բռաբուսներ»ը, որպեսզի վերադարձնեք ժողովրդից գողացվածը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում իշխանությունը սխալներ թույլ տվել է, բայց ըստ նրա՝ առանց դրա հնարավոր չէ աշխատել: «Անսխալական մարդ չկա, բայց մենք ձեզ ոչ մի բանում չենք խաբել և չենք խաբելու: Հեղափոխությունից հիասթափություն չի կարող լինել: Եթե որևէ մեկը հիասթափվի հեղափոխությունից, կնշանակի՝ հիասթափվի ինքն իրենից: Որ պահին դուք մեզանից հիասթափվեք, դուք հնարավորություն եք ունենալու մեզ հեռացնելու իշխանությունից Ձեր ամենազոր քվեով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ