Պետական վերահսկողական ծառայությունը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Սուսաննա Ամզարյանի և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության։ Հայցը դատարանն ստացել է հունվարի 13-ին։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից, որտեղ հրապարակված հայցապահանջում մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով, որ պատասխանողը` Լրատվամիջոցը, զրպարտության միջոցով արատավորել է Ծառայության բարի համբավը, վերջինիս անբարեխիղճ լինելը, Ծառայությանը նման երևույթների վերագրումն իրենց բնույթով ծանր է, նկատի ունենալով, որ հետագայում նմանատիպ երևույթները նշված անձի կողմից կարող են կանխվել նաև ֆինանսական պատասխանատվության միջոցների կիրառմամբ և հիմք ընդունելով օրենսդրական վերը նշված կարգավորումները՝ խնդրում ենք դատարանին պարտավորեցնել Լրատվամիջոցին փոխհատուցել 2 մլն դրամի չափով փոխհատուցում և տարածել հերքում վերը նշված հոդվածում հրապարակված տվյալների վերաբերյալ»։
Նշենք, որ հայցի հիմքում 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված նյութն է՝ «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառությամբ։ Նյութում մասնավորապես նշվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում: Տվյալ նյութի շրջանակներում ՊՎԾ նախկին աշխատակիցն էլ «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ իբրև օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել: Համապատասխան քրեական վարույթի ժամանակ էլ իբրև հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու «փաստը»»:
Արձագանքելով՝ ՊՎԾ-ն նշել է, որ «հրապարակման մեջ նշված մի շարք հանգամանքներ իրականության հետ որևէ աղերս չունեն: Ավելին՝ դրանք քննության առարկա են հանդիսացել Ծառայությունում իրականացված ծառայողական քննության, իսկ հետագայում՝ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, և այդ պնդումները չեն հաստատվել տրված վերջնական իրավական գնահատականների շրջանակներում: Այսպիսով, ակնհայտ է, որ վերոհիշյալ կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում 25.12.2024 թվականին տեղադրված հոդվածն իր բնույթով զրպարտություն է: Նման բովանդակությամբ նյութի հրապարակումը չի հետապնդում իրավաչափ նպատակ՝ հասարակությանը տրամադրելու անաչառ տեղեկատվություն, այլ նպատակ է հետապնդում բացառապես արատավորելու պետական մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության բարի համբավը»:
Նշենք, որ գործով դատավորը Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանն է։
174 դիտում , 1 դիտում այսօր