«Ստի և կեղծիքի» դեմ պայքարող Բագրատ սրբազանը անվանարկել է «Հայկական ժամանակ»-ին, ստել ու զրպարտել․ներողություն կխնդրի՞

Նորընծա քաղաքական գործիչ Բագրատ արք․ Գալստանյանը, որը, նկատենք, հաճույքով հարցազրույցներ է տալիս ցանկալի, իր քիմքին հաճո ԶԼՄ-ներին, երեկ, ինչպես հայտնի է, առճակատում էր ունեցել «Խոսնակ» լրատվականի լրագրողի հետ ու վիրավորական արտահայտություն թույլ տվել վերջինիս հասցեին։

Այսօր էլ սրբազանը փայլեց իր քիմքին անհաճո մեկ այլ ԶԼՄ-ի անվանարկելու նվաստ ու անպատվաբեր վարքագծով՝ թիրախավորելով «Հայկական ժամանակ»-ին։ Ընթերցողը կհարցնի՝ ինչո՞ւ, պատասխանենք՝ այն պատճառով, որ կայքը հանդգնել է գրել իր՝ սրբազանի, ՀՀ և Կանադայի քաղաքացի՝ երկքաղաքացի լինելու մասին։ Ընդամենը։ Երևի սրբազանն անձնական վիրավորանք է ընդունել իր կենսագրության այդ կարևոր դրվագի մասին հրապարակավ խոսելը, սակայն նկատենք, որ նախքան ՀԺ-ն Գալստանյանի երկքաղաքացիության մասին բացահայտումն արել էր մեկ այլ «յուրային» ԶԼՄ։ Այնպես որ, Կանադայի թեմի նախկին առաջնորդի երկքաղաքացի լինելու մասին տեղեկությունը անվազն մեկ շաբաթ է, ինչ հանրության սեփականությունն է։ Արդ, ի՞նչն է վրդովեցրել սրբազանի նրբազգաց հոգին․ «Լուրը դուրս չեկած…. ինչ էր էդ թերթի անո՞ւնը (կողքից լրագրողները հուշում են` «Հայկական ժամանակ»-խմբ․) «Հայկական Ժամանակ», մի հատ դեղին թերթ կա, մեկը․․․որ իրենք՝ «Հայկական ժամանակ»-ը, տեղյակ է (հարցնում է կողքիններին-խմբ) ինչ էին իրականացրե՞լ, հետախուզում էին իրականացրել (նորից դիմում է կողքի լրագրողներին, որոնցից մեկը հուշում է՝ վարույթ-խմբ ) վարույթ են իրականացրել, որի մասին ես տեղյակ չեմ, բայց իրանք տեղյակ են։ Այսինքն, պետությունը տեսեք ոնց ա գործում, թերթով ա գործում, թերթի միջոցով, ուրիշ կերպ չկա, ինստիտուտը քայքայված ա, ոչնչացված, իրենց մամլո օրգանի միջոցով է գործում՝ «Հայկական ժամանակ»։ Դժվար «հայկական» լինի էդ «ժամանակը»։ Երկրորդը՝ անմիջապես, է՜, 5 րոպե էլ չեն թողել վրայից անցնի, անմիջապես արձագանքել են՝ Բագրատ սրբազանն իրավունք չունի, նա երկքաղաքացի է, ուռա, չէ՝ կեցցե, այ էսպես․․․»։ Սրբազանին իր ոճով արձագանքենք՝ ինչո՞ւ եք խառնվել իրար, մարդո՛ւ որդի։ և հավելենք՝ ինչո՞ւ եք ստում և վիրավորում՝ Ձեզ համարելով ստի ու կեղծիքի դեմ և հանուն ճշմարտության պայքարի առաջնորդ։

«Հայկական ժամանակ»-ը ընդամենը մեկ լուր է գրել Գալստանյանի երկքաղաքացի լինելու մասին, որում տառ անգամ չկա «կեցցե»-ի մասին, բառ անգամ չկա «վարույթ» սկսելու և կամ հետախուզման և նմանատիպ այլ միջոցառումների մասին։ Իսկ վարույթ սկսելու մասին հրապարակումն արել է ընդդիմադիր համարվող մեկ այլ ԶԼՄ՝ սրբազանի քայլերթն ակտիվ լուսաբանող ու ջատագովող «Հրապարակ» օրաթերթը։ Ի դեպ, սրբազանի երկքաղաքացի լիենլու մասին լուրն էլ էր առաջինն այս կայքը հրապարակել։

Փաստորեն, եկեղեցու հոգևոր դասի բարձր ներկայացուցիչը կարող է առանց ինֆորմացիան ճշտելու, դեսից-դենից լսելով իրեն թույլ տալ հրապարակավ վիրավորել, պիտակավորել ԶԼՄ-ի՝ իր առաքելությունն իրականացնելու՝ հանրությանը իրազեկելու համար, ավելին՝ ստել, կեղծել, չկատարած «հանցանք» վերագրել նույն այդ ԶԼՄ-ին։ Իսկ «Հրապարակ»-ը, նկատենք, մասնավորապես գրել է․ «Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը»։

Հայտնի ասացվածքն ազդարարում է՝ «սխալվելը բնորոշ է մարդուն»։ Սրբազանն էլ Աստծուն ծառայող մարդու որդի է։ Իսկ սխալվելիս, սուտ ասելիս, զրպարտելիս, սովորաբար, ներողություն են խնդրում, կամ էլ կանգնում են դատարանի առաջ։ Հետաքրքիր է՝ սրբազանը ո՞ր տարբերակը կնախընտրի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ