Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք. «փրկիչների» կարծիքով՝ սահմանագիծը հայ զինվորի կյանքն է

«Հիմա դրա ժամանակը չի, ոչ էլ տեղին է այդ հարցը հիմա քննարկել։ Հայաստանի Հանրապետությունը այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել։ Ինձ համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ թվերով է, ոչ սահմաններով է»։

Որքա՞ն եք համարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարցին պատասխանելով՝ ասաց Տավուշի թեմի առաջնորդ, վերջին օրերին Տավուշում բողոքի ակցիաները նժդեհաբար գլխավորող Բագրատ Սրբազան Գալստանյանը։
Նա ուղիղ խոստովանեց, որ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ նշելով, թե վերջին տարիներին խոսվում Ալմա Աթայի, ՄԱԿ-ով ՀՀ ճանաչված սահմանների և այլնի մասին։ Ըստ նրա՝ Հայաստանն այնքան է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը։

Ուշադրություն ենք հրավիրում «կարող է կանգնել» բառակապակցության վրա։ Այսինքն՝ ըստ հոգևորականի, եթե հայ զինվորը կարողանա կանգնել միայն Երևանի տարածքում, ապա Հայաստանի Հանրապետությունը կլինի միայն Երևանը։ Իհարկե, եթե հոգևորականին հարցնենք, կասի, որ հայ զինվորը պետք է Կասպից ծովի ափերին կանգնի՝ մի կողմից, և Միջերկրական ու Սև ծովերի ափերին՝ մյուս կողմից։ Բայց ակնհայտ է, որ հայ զինվորը, հայկական բանակը չունի և չի կարող ունենալ այդ ներուժը։ Ակնհայտ է, որ եթե առաջնորդվենք այդ միջնադարյան խավարամտությամբ՝ անտեսելով միջազգային իրավունքը, օրենքները (որքան էլ որ դրանք հիմա ճգնաժամի մեջ լինեն, և որը ձեռնտու է միմիայն մեր թշնամիներին) և ապավինենք միայն ուժին ու Բագրատ Գալստանյանի օրինակով թաքնվենք 18 տարեկան զինվորի ու նրա արյան թիկունքում, ապա հայ զինվորը վստահաբար չի կարողանա հասնել Բաքու, իսկ այ Երևան նահանջելու հնարավորությունը, հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներուժը, միանգամայն իրատեսական է։ Արդ հարց է առաջանում՝ ըստ Սրբազանի, Հայաստանի Հանրապետությունը սահմանափակվում է միայն Երևանո՞վ, իսկ գուցե նաև Հայաստանի Հանրապետություն չլինե՞լն է Հայաստանի Հանրապետություն։ Ի վերջո այդ՝ վերը նշված ուժերը՝ գումարած Ռուսաստանի Դաշնության աջակցությունն ու համադրվող շահերն այդ ուժերի հետ, կարող են ուժով վերացնել Հայաստանի Հանրապետությունը այնպես, ինչպես պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ արել են՝ Հայաստանը բաժանելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ 1877-ից մինչև 1990-ական թվականները։

Հայ զինվորի ու նրա արյան թիկունքում թաքնվելու իդեա ֆիքսով է տառապում նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում նմանատիպ ձևակերպում արեց նաև Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ճիշտ է, տիկին Վարդանյանը կասկածի տակ չդրեց Հայաստանի՝ մոտ 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, սակայն միաժամանակ հավելեց, թե «Հայաստանն այնքան է, որտեղ կանգնած է հայ զինվորը»։

Այս մարդիկ ու ուժերը առաջնորդվում են միջնադարյան սկզբունքներով, երբ աշխարհակարգը ձևավորվում էր բացառապես ուժով, ու երկրների միջև սահմանները գծվում էին բացառապես զինվորների կանգնած դիրքերով։ Այս սկզբունքը միանշանակ ձեռնտու չէ փոքր պետություններին և միաժամանակ ձեռնտու է ուժեղներին։ Ահա այսպիսի մոտեցում ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը, որը հղում անելով պատմական հայրենիքին, պատմությանը, անտեսելով աշխարհակարգը՝ հարձակվել է իրենից թույլ ու փոքր հարևան Ուկրաինայի վրա ու փորձում է ուժով գրավել այն՝ նոր սահմաններ ստեղծելով այնտեղ, որտեղ կկանգնի ռուս զինվորը։

Հայաստանը, ցավոք, չի կարող, չունի այդ ներուժը՝ գնալ ու կանգնել Կասպից, Սև և Միջերկրական ծովերի ափերին։ Եվ այս նարատիվները ձեռնտու են միայն մեր մեծ հարևաններին, որոնք, եթե չլինի աշխարհակարգը՝ թեկուզ փլուզվող, մի քանի օրում կամ ժամում կարող են ամբողջությամբ օկուպացնել Հայաստանը, վերացնել նրա բանակն ու զինվորին։

Եվ մյուս նյուանսը. այս պահին հայ զինվորը կանգնած չէ Ջերմուկի, Վարդենիսի, Իշխանասարի և մի քանի այլ դիրքերում։ Ուրեմն այս մարդկանց ու ուժերի տրամաբանությամբ դրանք Հայաստանի Հանրապետություն չե՞ն։

Վերադառնանք Տավուշի թեմի առաջնորդի մեկ այլ հայտարարության։ Մեկնաբանելով Երկրապահ կամավորական միության ավտոմեքենայի հետ կապված միջադեպը՝ Բագրատ Գալստանյանն ասում է. «ԵԿՄ-ականները ուղղակիորեն ահաբեկել են էն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինչ-որ գործողություններ անել»։

Ապա դիմելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին՝ ասաց. «Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքեք Ձեզ։ Դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք։ Գոնե այդպես է եղել երկրապահը… Այսօր ինչ գործել եք՝ ձեր պատասխանատվությունն է, սադրել եք, քաղաքացիական բախումների իմիտացիա եք արել, սա կրկնակի հանցագործություն է։ Եկրապահ եք, գնացեք սահման, սահմանը պահեք, սա ձեր սրբազան առաքելությունն է»։

Եկեք կրկին առաջնորդվենք հոգևորականի տրամաբանությամբ։ Եթե երկրապահի գործը, սրբազան առաքելությունը երկիր, սահման պահելն է, ու նրանք պետք է զերծ մնան այլ թեմաների մեջ ներքաշվելուց, ու նրանց ուղարկում են սահման պահելու, ապա եկեղեցականների գործն ու սրբազան առաքելությունն էլ աղոթք անելն է, սեր ու համերաշխություն քարոզելը, քրիստոնեություն տարածելը։ Գնացեք եկեղեցի՝ ձեր գործով զբաղվեք, Սրբազան, ու մի փորձեք ձեզ Նժդեհ երևակայել։

Վովա Հակոբյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ