Ջնջվող լոտոներ կային, բևեռին որ ջնջեք՝ կողքից հյուսիսային է գրված լինելու. քաղաքագետ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչները, տեսնելով Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու եկած ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, և նրանց ութամյա դստերը՝ Արփիին, սկսել են վիրավորական վանկարկումներ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին, ինչի արդյունքում երեխան սկսել է լաց լինել։

ԱԺԲ-ի ներկայացուցիչների պահվածքի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանից։ Նա նշեց, որ արարքը լավ բան չէ՝ բարոյականության տեսանկյունից։

«Բայց դուք պետք է իմանաք, որ ՀՀ-ում Ռուսաստանն ունի «ԿԳԲ-շնիկների խմբակ, գործակալների։ Մի մասը ռուսասիրության հոգեկան հիվանդություն ունի, մի մասն էլ գործակալական խմբակներ են, մեկը ագզային-հայրենասիրական է, մեկը բևեռացել է ազգայնականության մեջ, ու այս ամբողջը Հայաստանի 5-րդ շարասյունն է։ Երկու ազգային ինստիտուտ ունենք, մեկը եկեղեցին է, որը դարերի խորքից մեր ժողովրդի մշակույթ, պատմություն, քաշել բերել է մեր օրեր, և որը համահայկական կառույց է, բայց որի ղեկավար դասը ռուսական ԿԳԲ-ն է։ Եվ դուք տեսնում եք, թե ինչեր է անում հայ հոգևորական ղեկավար դասը տարբեր տեղեր։ Քաղաքական դաշտում ունի սարքած բաներ, ազգայնականներ՝ բևեռ կլինի, ինչ կլինի։ Էն ջնջվող լոտոներ կային, բևեռին որ ջնջեք՝ կողքից հյուսիսային է գրված լինելու։ Պարզապես էդ չեն ասում»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Ի հավելումն նա նշեց, որ սա իշխանության խնդիրն է, և բազմիցս ասել են, որ հատվածներ կան, որոնք պետք է լինեն պետության վերահսկողության տակ, դրանք վաղուց իրենց տեղը պիտի իմանային, բայց քանի որ իրենք կան, շարունակում են կենսագործել Հայաստանի մարմնի վրա, շարունակում են Հայաստանին մեղադրել ձևական բաների մեջ, «հող հանձնելու» ու էլ չգիտես ինչի մեջ, բայց ինքը պնդում է, որ դա որևէ կապ չունի ո՛չ հող հանձնելու հետ, ո՛չ Հայաստանի ազատության և անկախության հետ, այլ կապ ունի բացառապես Հայաստանը Ռուսաստանին հանձնելու հետ։

«Սրանք իրենց գործն անում են, և այդպիսի այլանդակություններ էլ կանեն: Ցավալի բան է իհարկե, բայց պետք է նկատի ունենալ, որ Հայաստանն ազատագրվելու է այս ճանապարհով, դուք ձեր կողքին կտեսնեք բորենիներ, հոգեկան հիվանդներ, ճորտությամբ տառապողներ։ Այստեղ մարդկանց ուղեղներ են ցնցվելու, մարդիկ հոգեբանական պրոբլեմներ են ունենալու. մեկը 70 տարի կեղծ պատմություն է սովորել, հիմա ստացվում է՝ իր իմացածը սուտ է, այդ մարդիկ դատարկություն են զգում, որովհետև իրենք դա գիտեին, բայց պարզվում է՝ սուտ է, մի մասը հոգեբանորեն ճորտությունից չի ուզում ազատագրվել։ Այս ճանապարհին այդպիսի բաներ լինելու են։ Լավ չի իհարկե, բայց մենք գլուխներս տնկած պիտի գնանք այս ճանապարհով, Հայաստանն էլ, ոտքերը թափ տալով այդ աղտեղությունից, պիտի գնա դեպի անկախություն»,- եզրափակեց Հայկ Սուքիասյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ