Ռուբեն Հայրապետյանը կո՞ղմ է խուլիգանությանը. Նա է վճարել Սամվել Վարդանյանի գրավի գումարի մի մասը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին «ժեխ» և այլ վիրավորական արտահայտություններ տեղալով հայտնի դարձած Սամվել Վարդանյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, որպես խափանման միջոց դատարանը օրերս կայացրած որոշմամբ ընտրել էր տնային կալանքն ու 7 մլն դրամ գրավը։ Քննչական կոմիտեում, նշենք, Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն հրահրող հրապարակային խոսքի հոդվածներով։ Եվ ահա, նորընծա «քաջագործ» Վարդանյանի համար պահանջված գրավի գումարը հավաքելու համար դրամահավաք էր հայտարարվել, որին, ենթադրաբար, մասնակցել են խուլիգանությունը, ատելության հրահրումը հավանության արժանացնող ու խրախուսող սուբյեկտները, որոնցից մեկն էլ, ինչպես պարզվեց, ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է։ Նկատենք, որ Ս. Վարդանյանի պաշտպանությանն ու նրանից քաղհալածյալ սարքելու «ազգանվեր» և «պետականահաճո» գործին լծվել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատը՝ կուսակցական մանր ու միջին ներկայացուցիչներից մինչև քարոզչական թիմի տարատեսակ «լաքեյներ» ու աֆիլացված փաստաբաններ։ Թե ովքեր են նրանք, թերևս կարելի է հեշտությամբ գլխի ընկնել։

Հանրապետական երբեմնի պատգամավոր, Սերժ Սարգսյանի երբեմնի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանի կողմից ժամանակին Հանրային ռադիոյի փոխտնօրեն նշանակված Լիկա Թումանյանը, որը հեղափոխությունից հետո զբաղվում էր քաղակտիվիզմով (հանդես էր գալիս նաև որպես «Հայաքվե» կոչվող տխրահռչակ քաղնախաձեռնության մեդիաթիմի ղեկավար), ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ ավետել է. «Սամվելի գրավի դրամահավաք՝ STOP Գումարը հավաքվեց- չհերիքող մասը փոխանցեց Ռուբեն ՀայրապետյանըԴրամահավաքին մասնակցեց 98 քաղաքացի Համոզված եմ, որ մասնակիցների թիվը կարող էր լինել շատ ավելի մեծ՝ եթե դրամահավաքը շարունակվեր ևս մեկ օր Յուրաքանչյուր 1000 դրամի, Սամվելի կողքին լինելու, աջակցելու, սկզբունքային մարդկանց տեր կանգնելու համար, միասնականություն ցուցաբերելու համար, բոլորիդ-ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»։

Տիկին Թումանյանն, ի դեպ, «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» ինտելեկտուալ հեռուստախաղի մասնակիցներից է, և նրան հաճախ կարելի է տեսնել խաղի հանդիսատեսի կարգավիճակում։ Նրա գնահատմամբ, փաստորեն, Սամվել Վարդանյանի արարքը՝ խուլիգանությունը, «սկզբունքային մարդու» արարք է, հետևապես պետք է լինել նրա կողքին, «տեր կանգնել», այսինքն՝ աջակցել ու թև ու «դուխ տալ»՝ խրախուսելով Սամվելի օրինակն ու նրա կողմից հետագայում նմանատիպ արարքների կատարումը (տպավորություն է, որ ՀՀԿ-ն ու Միքայել Մինասյանի կուրացիայի ներքո գործող քարոզչական «կուտոկը» զբաղված է Սամվել Վարդանյանի պես «սկզբունքային» անձանց հավաքագրմամբ և, ըստ ամենայնի, նրանց հետ ամեն օր այսպիսի նախավարժանք է իրականացնում՝ «Ну, граждане алкоголики, хулиганы, тунеядцы… Кто хочет сегодня поработать?»)։ Տիկին Թումանյանի գրառման ֆինալը սրտի կսկիծ ու ափսոսանք է հարուցում, քանի որ վերջինիս ինտելեկտուալ կարողությունների ու արժեհամակարգի մասին ավելի բարձր կարծիքի էինք։ Ինչևէ։

Ինչ վերաբերում է դրամահավաքի անհայտ (98 հոգի, փաստորեն) և հայտնի մասնակիցներին՝ մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին՝ հայտնի որպես «Նեմեց Ռուբո». նա, փաստորեն, լինելով նախկին՝ ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, մանդատավոր մարդ, ճիշտ ու գովելի արարք է համարում իր երբեմնի կարգավիճակի տեր պաշտոնյայի հանդեպ ցուցաբերված վերոհիշյալ ոտնձգությունը։ Թե գործողությունների ինչ «կոմպլեքս» կհաջորդեր Հայրապետյանի կողմից, եթե նրա նկատմամբ ինչ-որ Սամվել կամ Սամվելյան «շշկռեր» ու համանման վարքագիծ ցուցաբերեր, չենք համարձակվում անգամ պատկերացնել։ Ի դեպ, Հայրապետյանը հանրությանը քաջ հայտի է իր, մեղմ ասած, ոչ օրդինար վարքագծով։ Հիշեցնենք, որ երբ 2020-ին Հայրապետյանի տանը խուզարկություն իրականացվեց (ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով), ինքն էլ բերման ենթարկվեց, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր. «Հերթական կապիկությունն է, նրանք փորձում են ինձ վախեցնել, մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող վախեցնել, նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին… ամոթ չի ասֆալտին պառկելը, բայց որ ես ոտքերս մաքրելու եմ նրանց վրա, հաստատ լինելու է»։

Մի հավելում էլ. Լ. Թումանյանի գրառման տակ մի օգտատեր գրել է՝ «մինչև ՖԲ-ից տեղեկացանք, հավաքվեց»։ «Շնորհակալ եմ արձագանքի համար։ Վատ բան եմ ասում, բայց իրավիճակը հուշում ա, որ ձեր օգնությունը դեռ պետք կգա, նման դեպքեր, կարծում եմ, էլի կլինեն»,- արձագանքել է Թումանյանը։ «Նման դեպքեր» ասելով արդյոք տիկին Թումանյանը նկատի ունի այն, որ ապագայում և՞ս ականատես կլինենք այլ «սամվելների» հարևնման գործողությունների, որոնց հեղինակներին կալանքից ազատելու հարցում պետք կլինի քաղաքացիների օգնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ