ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձաժողովների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությանն ու գրել․

«Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են սահմանազատումը իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը սահմանազատման գործընթացի հիմնական սկզբունքն է լինելու։

Այսինքն վերականգնվում են Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները։

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի հանրապետության համար սա նշանակում է խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ»։

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) — Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) — Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) — Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) — Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ