Ալմա-Աթայի հռչակագիրն ու ռուսական հիստերիան

Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով ամրագրեց ինչպես ԽՍՀՄ փլուզումը, այնպես էլ ԱՊՀ-ի ստեղծումը։ Ըստ էության, այն ​​բազային փաստաթուղթ է, որն ամրագրում է միջազգային հիմնարար սկզբունքները (ինքնիշխանության ճանաչում և հարգանք, ուժի կիրառումից հրաժարում և այլն): Հռչակագրում նաև ասվում է, որ կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը: Սա ենթադրում է, որ նոր պետությունների միջև սահմանները կորոշվեն խորհրդային հանրապետությունների սահմանների հիման վրա, որոնց շրջանակներում նրանք ինքնորոշվել են։

Անկախ հանգամանքից, թե ով և ինչպես է մեկնաբանում Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, փաստն այն է, որ այն այսօր հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի հիմքն է հանդիսանում, կամ հիմքերից մեկն է, որն ընդունելի են համարում նաև միջազգային գրեթե բոլոր միջնորդ կողմերը։

2024 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն ընդունեցին համատեղ փաստաթուղթ, որով արձանագրեցին, որ Ալմա-Աթայի հռչակագիրը բազային սկզբունք է երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի համար։

Տասնյակ երկրներ, նաև Եվրամիությունն ու ՄԱԿ-ը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` իրականացնել սահմանազատում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Իր վերջին հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին ընդգծեց․ «սա նշանակում է, որ ինչ-որ առումով՝ սա նաև ստացել է քաղաքական կոնտեքստ, դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ, և մենք շարունակելու ենք այս ճանապարհով գնալ»:

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական կոնտեքստում առաջին անգամ հիշատակվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին, որում, մասնավորապես, ասվում էր.
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Պրահայի և դրանից հետո Բրյուսելի հանդիպումներում արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հենքն է։ Սակայն, այս հանդիպումներից հետո Ադրբեջանը տևական ժամանակ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը ձգձգում էր, սակայն ապրիլի 19-ի հայտնի փաստաթղթի ընդունումից հետո սահմանազատման գործընթացը մեկնարկեց։ Զուգահեռ մեկնարկեց նաև ռուսական հիստերիան Հայաստանում։

Սահմանազատման գործընթացը Տավուշում՝ թեպետ մոտենում է ավարտին, սակայն այն ուղեկցվում է բողոքի ալիքով։ Բնականաբար, մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակչության մոտ կա օբյեկտիվ անհանգստություն և մտահոգություն, սակայն ակնհայտ է նաև, որ ռուսական ծիրում գործող քաղաքական ուժերն օգտագործելով տավուշցիների ազնիվ դժգոհությունը փորձում են ամեն գնով տապալել գործընթացը, ձգտում են նրան, որպեսզի Հայաստանը հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվի ռազմական ագրեսիայի, կամ չունենա հստակեցված պետական սահման և միշտ կախում ունենա «հյուսիսի փրկչից»։

Այն որ Ռուսաստանը չի ընդունում Հայաստանի պետականությունը և, հետևաբար, նաև Հայաստանի սահմանները՝ վաղուց արդեն հայտնի փաստ է։ Սակայն սահմանազատման գործընթացում Ռուսաստանին՝ թերևս անհանգստացնում է նաև մեկ այլ բան։

Ալմա-Աթայի հռչակագիրը դա առաջին հայացքից է հայ-ադրբեջանական խնդիր։ Իրականում, այս հռչակագիրը մեծ խնդիր է Ռուսաստանի համար։ Եթե այս հռչակագրով իրականացվի հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի պարզեցումը, ապա այն կարող է նախադեպ դառնալ դրա տակ ստորագրած մյուս երկրների համար։ Իսկ 1991 թվականին ստորագրված այս հռչակագրով Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան կարող են ռուսներին ցույց տալ այս նախադեպը և հիշեցնել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրելու պահին Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրը, Ղրիմն ու մնացածը Ռուսաստանինը չեն եղել։

Իրականում, Ալմա-Աթայի գլխավոր վտանգը՝ թերևս սա է ու հենց դրա համար են ռուսները ներհայաստանյան իրենց գործիքակազմը և ինչ-որ առումով նաև Ադրբեջանին օգտագործում մեր դեմ և փորձում են տապալել սահմանազատման գործընթացը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ