Եթե անգամ ԵՄ-ն հետախուզական տվյալներ է հավաքում, ՌԴ-ին դա չպետք է հուզի, հերիք է քիթը խոթի մեր գործերի մեջ. Միսկարյան

«Ռուսաստանն առնվազն 2 դար օգտագործել է հայ ժողովրդին ու Հայաստանին իր իշխանությունը, ինչպես իրենք են ասում, Անդրկովկասում ամրապնդելու և պահելու համար: Հիմա ժամանակն է, որ հայ ժողովուրդը թոթափի ռուսական լուծը, ու Լավրովը թող դրանից վատ չզգա»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի ղեկավարությունը «միտումնավոր քանդում է» հարաբերությունները ՌԴ-ի հետ։

«Կրեմլը սրտնեղում է, որովհետև գնում է Հարավային Կովկասից, քանի որ այստեղ մնալու միակ հնարավորությունը ՀՀ-ին խեղճացնելու և վաճառելու գնով իրենց պահելն էր, իսկ ՀՀ-ն ինքնիշխանության ուղղությամբ լուրջ քայլեր է անում: Սրտնեղում են, որ չեն կարողանում վաճառել հայկական շահը թուրք-ադրբեջանական տանդեմին ու դրանով շարունակել իրենց գոյությունը քարշ տալ մեր տարածաշրջանում»,- հավելում է Միսկարյանը:

Մեկնաբանելով Լավրովի այն պնդումը, թե ՀԱՊԿ-ը բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը և 2021-ին էլ պատրաստ էր ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը՝ քաղաքական գործիչը նկատում է՝ ՀԱՊԿ-ն անգամ ՀՀ տարածքը չի ճանաչել:

«Ինչպես Արցախը թողեցին, որ հայաթափվի, ոչ մի քայլ չձեռնարկեցին, ընդհակառակը՝ մի բան էլ նպաստեցին տարբեր տեսակի ահաբեկչական գործողություններով, գալու էին նույնը Հայաստանում անեին, մենք դրա կարիքը չունենք: Եթե ագրեսիայի փաստը չեն արձանագրում, չեն կարող գալ և այստեղ խաղաղապահի խնդիր լուծել իրենց դաշնակցի հետ, թող գնան Սոմալիում, Սիրիայում լուծեն, Հայաստանում անելիք չունեն»,- ասում է նա:

Հարցին, թե ինչո՞ւ Կրեմլը հաշտ չէ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության հետ՝ զրուցակիցը պատասխանում է՝ ինչ-որ իմաստով ԵՄ առաքելությունը ավելացնում է ՀՀ ինքնիշխանությունը, զսպում Ադրբեջանի ագրեսիան, որը հրահրում է Ռուսաստանը, և տրամաբանական է, որ դիտորդների գոյությունը ուղիղ հակասում է ՌԴ շահերին. «Ագրեսիվ են տրամադրված, որովհետև չեն կարողանում վերջնականապես հայ ժողովրդին ծնկի բերել և իրենց հարցերը լուծել թուրքերի հետ»:

Նկատառմանը, որ ըստ ռուսական կողմի՝ ԵՄ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում և փոխանցում Ադրբեջանին, վերջինս ասում է. «Անգամ եթե ԵՄ առաքելությունը նման տվյալներ է հավաքում, ՌԴ-ին դա պետք է ընդհանրապես չհուզի, իրավունք չունի քիթը խոթել ՀՀ-ի ներքին գործերի մեջ»:

Այս համատեքստում Միսկարյանը հիշեցնում է՝ վերջերս իրավապաշտպանները ահազանգել են, որ ռուսները առանց համապատասխան թույլտվության ՀՀ-ում գտնվող անձանց վերաբերյալ տվյալներ են հավաքում, հետևում ու հետապնդում այդ մարդկանց. «Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները ճիշտ կանեն, որ օր առաջ Հայաստանից վտարեն ռուսական բոլոր զինվորականներին, որոնք ապօրինի կերպով գտնվում են ՀՀ տարածքում»:

Բանախոսն այն համոզմանն է, որ Հայաստանի տարածքում ռուսական բանակի ցանկացած ներկայություն ապօրինի է և դեմ է հանրապետության շահերին:

«ՌԴ-ը, լինելով մեր թշնամու դաշնակիցը, տեղեկություն է հավաքում ՀՀ-ի մասին և փոխանցում Ադրբեջանին, նպաստում ապակայունացմանը՝ քաղաքական, ռազմական և բոլոր առումներով: Տավուշի սահմանապահների այդ կետն էլ, ինչպես Սյունիքի բոլոր կետերը, Գյումրու ռազմաբազան ու օդանավակայանի ռուսական զորքը ՀՀ տարածքից պետք է դուրս գան, մեզ թշնամու զորք պետք չէ, ՌԴ-ն մեր թշնամու բարեկամն է: Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա՝ այստեղ ռուսակա՞ն զորք է, թե՞ ադրբեջանական»,- ընդգծում է նա:

Հերմինե Կարապետյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ