«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հովհաննես Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել՝ ինձ աշխատանքից ազատելու։
Առաջին հերթին ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին՝ ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին՝ համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ, իհարկե, ձեզ, սիրելի երևանցիներ՝ ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։

Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որ երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։

Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։

Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում՝ ի շահ իմ հայրենակիցների։

Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին»,- գրել է նա։

Հովհաննես Մանուկյանը այս պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի ապրիլի 3-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ