Մեծ թվով մարդիկ ՀՀ-ում տառապում են խաղամոլությամբ, հարվածի տակ են ընտանիքներ, սա վերածվել է հիվանդության. իրավապաշտպան

Հայաստանում ամենահաճախ այցելվող կայքերը խաղադրույքների և պոռնոգրաֆիկ բնույթի հարթակներն են:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի դիտարկմամբ՝ սա ցավալի պատկեր է, քանի որ հուսահատության մասին է խոսում:

«Շատ մեծ թվով մարդիկ են Հայաստանում տառապում խաղամոլությամբ, սա վերածվել է հիվանդության, որի պատճառով հարվածի տակ են դրվում ընտանիքներ: Կորցնում են ամեն ինչ, վաճառում գույքը և բնակարանները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Միաժամանակ, ըստ նրա, սա մարդկանց տրամաբանության մեջ դյուրին և արագ կերպով գումար աշխատելու տարբերակ է:

«Այդ կառույցները այդպես էլ գովազդվում են, մարդկանց մեջ իսկապես թյուր տպավորություն է ստեղծվում, որ հնարավորություններ է տալիս, որովհետև մեծամասնությունը ոչ թե ժամանցի կամ ազարտի համար է անում, այլ իսկապես հույս ունի, որ կկարողանա հեշտ ճանապարհով գումար վաստակել: Սա նշանակում է, որ մարդիկ կայուն եկամուտ չունեն և չեն էլ կանխատեսում, որ մոտակա ժամանակ կարող են արժանապատիվ եկամուտ ունենալ, ստիպված ընկնում են այդ մոլորության գիրկը»,- ասում է զրուցակիցը:

Վերջինս նկատառմամբ՝ հասարակությանը հոգեպես քայքայելու համար կան մի քանի տարբերակներ, որոնցից առաջնային են թմրամոլությունն ու խաղամոլությունը. «Թմրանյութերի մասով ցավալիորեն գրեթե անկառավարելի վիճակում ենք, ծավալն ահռելի է, մինչև անգամ դպրոցներ է հասել: Մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք՝ սկսած մեդիայում կեղծ լուրերից, վերջացրած թմրամիջոցներով ու խաղամոլության տարածումով»:

Այս համատեքստում նա նկատում է, որ պատահական չեն նաև ինքնասպանությունների և սպանությունների դեպքերի շատացումը:

Միաժամանակ նա ընդգծում է՝ առավել վտանգավոր է, որ խաղամոլությունը ներթափանցել է Զինված ուժեր, որի դեմ պետք է պայքարի յուրաքանչյուր սպա. «Չիմանալ, որ մարդիկ խաղադրույքներ են կատարում, չիմանալ, որ ներսում իրար հետ ինչ-որ պարտք ու պահանջ ունեն, հնարավոր բան չէ: Կա՛մ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, թե ինչի կարող է դա բերել, կա՛մ չեմ ուզում մտածել, որ այդ իմաստով բանակում դիտավորություն կա»:

Նա կարևորում է այն, որ կախվածությունների դեպքում առանձին դեպքերում մասնագետի աջակցություն է հարկավոր, քանի որ անդառնալիության կետ կա, որտեղից ինքնուրույն վերադառնալ հնարավոր չէ:

«Դա վերաբերում է և՛ թմրամիջոցներին, և՛ խաղամոլությանը, և՛ այլն: Առհասարակ բոլոր դեպքերում մեզնից յուրաքանչյուրը՝ և՛ ընտանիքի անդամները, և՛ ընկերները, և՛ հարազատները, և՛ գործընկերները, իր շրջապատում գտնվող մարդկանց նկատմամբ հնարավորինս ուշադիր պետք է լինեն, որովհետև ինքնուրույն այդ կապանքների մեջ ընկնելը շատ հեշտ է, բայց միայնակ դուրս գալը՝ գրեթե անհնար»,- ասում է Կարապետյանցը:

Հարցին՝ իսկ ինչպե՞ս է հնարավոր չընկնել, ինչպես ինքն է նշում, այդ կապանքների մեջ, նա պատասխանում է. «Պետք է կրթված ու տեղեկացված լինել, որ մենք ցավալիորեն չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Չենք սովորեցնում մեր երեխաներին, այդ թվում՝ հաստատություններում, թե ինչպես չընկնել նմանատիպ կախվածությունների մեջ, ինչ վտանգներ կան: Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը համարում է, որ շատ ու շատ երևույթների մասին ընդհանրապես չպետք է խոսել, որպեսզի գայթակղություն չառաջանա, բայց մեծ մասամբ երիտասարդներն անպատրաստ են: Մենք պիտի փորձենք հնարավորինս շատ բացատրել»:

Կարապետյանցը ևս մեկ անգամ շեշտում է, որ մեր պետականությունը լրջագույն հարվածի տակ է, և այս պարագայում չպետք է լինի «իմ ու քո երեխա» հասկացություն. «Չկա՛ իմ ու քո բանակ, չկա՛ իմ ու քո պետություն, կա մի՛ պետություն, կա մի՛ բանակ, մի՛ հասարակություն, մի՛ ապագա բոլորիս համար: Կա՛մ բոլորս թույլ ենք տալիս, որ մեզ կործանեն, կա՛մ ոտքի ենք կանգնում ու շարունակում նորմալ ապրել»:

Հերմինե Կարապետյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ