Խորհուրդ կտայի Զախարովային ավելի զգուշորեն բառեր ընտրել ՀՀ-ի քաղաքականությունը գնահատելիս․ Եղոյան

«Սա կարևոր ուղերձ էր ԵՄ-ի գործադիր իշխանության մարմիններին, մասնավորապես Եվրոպական խորհրդին և Եվրահանձնաժողովին ու հիմա արդեն մնացած աշխատանքը պետք է տանենք նաև Եվրահանձնաժողովի հետ, որը մի քանի ամսից կփոխի։ Մենք պետք է աշխատենք նաև անդամ պետությունների հետ, որովհետև հարաբերությունների խորացման իրավապայմանագրային բազան կարող է փոխվել կամ լավարկվել միայն բոլոր անդամ երկրների համաձայնության դեպքում։ Նույնիսկ եթե մեկ երկիր դեմ եղավ նոր համաձայնգարի ստորագրմանը կամ վավերացմանը, ապա դա տեղի չի ունենա, այնպես որ յուրաքանչյուր անդամի հետռ էլ առանձին աշխատանք պետք է տարվի»: Այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից ընդունած բանաձևին, որում Եվրախորհրդարանի պատգամավորները անդրադառնում են նաև Հայաստանի` ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հեռանկարներին:

Հարցին, թե մենք որքան մոտեցանք ԵՄ անդամակցության թեկնածու դառնալուն, Եղոյանը ասաց․ «Սրանով ոչ թե մենք մոտեցանք, այլ ԵՄ-ն է մոտեցել, որպեսզի մենք էլ մոտենանք, մենք պետք է մեր բարեփոխումների օրակարգը առաջ տանենք։ ԵՄ-ի թեկնածու անդամ դառնալու համար երկիրը որոշակի բարեփոխումների փուլ պետք է ավարտած լինի նոր հետո դիմելու համար ավելի բարձր կարգավիճակի համար։ Մենք եթե ցանկանում ենք մեր կողմից մոտենալ, ապա պետք է մեր բարեփոխումները անենք՝ արտադրանքի ստանդարտները բարելավենք և այլն»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի խոսքերին, ըստ որի Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի միջև առկա դաշնակցային հարաբերություններին և ռիսկեր ստեղծել հենց Հայաստանի ինքնիշխանության համար, Եղոյանը ասաց․ «Դա սպառնալիք է ու անընդունելի է սուվերեն պետության մասին նման ձև արտահայտվելը։ Ես խորհուրդ կտայի տիկին Զախարովային ավելի զգուշորեն բառեր ընտրել ՀՀ-ի քաղաքականությւոնը գնահատելիս»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ