Վլադիմիր Կարապետյանի գործով Վերաքննիչ դատարանը մերժել է Նաիրի Հոխիկյանի բողոքը

Վերաքննիչ դատարանը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2023 թվականին կայացրած վճիռը թողնել է անփոփոխ՝ այսպիսով մերժելով լրագրող Նաիրի Հոխիկյանի բողոքը՝ կապված Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի գործի հետ:

Սույն գործով Վլադիմիր Կարապետյանը դիմել էր դատարան՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը:

Բանն այն է, որ լրագրող Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ իբր ցնցող փաստեր էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի պատերազմը Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, ԼՂ շրջանների, Շուշիի հանձնման և այլնի մասին: Նա հիշատակել էր նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Փաշինյանի՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որտեղ իբր վերջինս, առանձնազրույց ունենալով Լապշինի հետ, ասել է, թե պետք է հանձնել Արցախը և լուծել հակամարտությունը։ Իսկ Լապշինի հարցին, թե ինչպե՞ս պետք է անել դա, քանի որ ժողովուրդն ու բանակը կընդդիմանան, Վլադիմիր Կարապետյանն իբր ասել էր․ «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կհանձնի»։

Այս ամենին արձագանքել էր նաև ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինը ու հայտնել, որ չի հասկանում, թե ինչու է իր անունը շոշափվում խոսակցությունների մեջ, որոնց ինքը ներկա չի եղել, նման հայտարարություններ չի լսել ու տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը:

Նա նաև ասել էր, որ երբեք չի լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին. «Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ