Դատարկված Ստեփանակերտում, բացի նախագահական ընտանիքից, ուրիշ ընտրող չի եղել. եթե իրենք ասեն, որ Ստեփանակերտում Ալիևի օգտին ոչ թե 6000, այլ 10 000 հոգի է քվեարկել, ո՞վ կարող է դա ապացուցել. թուրքագետ

Երեկ Ադրբեջանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ, և ըստ նրանց պաշտոնական տեղեկությունների՝ Ալիևի օգտին քվեարկել է բնակիչների 92,5 տոկոսը, իսկ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել է 6000 հոգի։

Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ-ի դիտորդները հայտարարել են, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները զուրկ էին քաղաքական մրցակցությունից և անցել են լուրջ ընտրական թերություններով և լրատվամիջոցների համար սահմանափակումներով։ Առաքելության ներկայացուցիչների գնահատմամբ, քվեարկությունն անցկացվել է սահմանափակող միջավայրում, էական թերություններով։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ թուրքագետ Նելլի Մինասյանն ասաց, որ առանձնապես մեկնաբանության բան չկա, քանի որ դա ավտորիտար ռեժիմներին հատուկ պարզ գործընթաց էր։ Այնուամենայնիվ, ուշագրավ է պնդումը, թե դատարկված Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել է 6000 հոգի։

«Այդ տարածքները օկուպացված են և գտնվում են նրանց վերահսկողության ներքո. եթե իրենք ասեն, որ Ստեփանակերտում ոչ թե 6000, այլ 10 000 հոգի է քվեարկել, ո՞վ կարող է դա ապացուցել, իրականում ոչ մեկը, որովհետև իրականում դրանք նկարված թվեր են։ Նախ, Ստեփանակերտում, բացի նախագահական ընտանիքից, էլ ուրիշ ընտրող չի եղել։ Ալիևն ինչ թիվ ուզենար՝ նկարելու էր, և իրականության մեջ ավտորիտար ռեժիմների հետ կապված միշտ էլ նման արդյունքներ են լինում»,- ասաց Նելլի Մինասյանը։

Խոսելով նաև այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջինը շնորհավորեց Ալիևին, թուրքագետն ասաց, որ դա ևս տեսանելի էր, և այսօր Էրդողանի հարավկովկասյան քաղաքականության համատեքստում Ադրբեջանի իշխանության ամենաձեռնտու տարբերակը Ալիևն է, դրա համար էլ նա այդպես ջերմորեն շնորհավորել է և իր խոսքում էլ նշել դրա մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ