Կրկնակի քվեարկություններ, լցոնումներ, Ադրբեջանում ընտրություններն անցել են լրջագույն խախտումներով․ ԵԱՀԿ դիտորդներ

Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած ընտրություններին ընդառաջ բազմակարծություն չկար, քննադատական ձայներն անընդհատ ճնշվում էին։

Այս մասին ասված է ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ դիտորդական առաքելության նախնական եզրակացության մեջ։

Առաքելությունը նշել է, որ ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները՝ Ադրբեջանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, չեն ընդունվել։

«Արտահերթ նախագահական ընտրություններն անցան սահմանափակող միջավայրում, և թեև դրանք լավ նախապատրաստված էին, սակայն քննադատական ձայներն ու քաղաքական այլընտրանքները հիմնականում բացակայում էին։ Ցավոք, նախորդ առաջարկությունները՝ օրենսդրական դաշտը ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ, մնացին անտեսված»,- ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների ղեկավար Արթուր Գերասիմովը:

Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավը հանրային նշանակալի մասնակցություն չի ունեցել և մրցակցային չի եղել, քանի որ վեց թեկնածուներն էլ չեն կարողացել մարտահրավեր նետել գործող նախագահի քաղաքականությանը: Սրա հետևանքով ընտրողները իրական այլընտրանք չեն ունեցել:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Դանիելա Դե Ռիդերն իր հերթին նշել է թեկնածուների շարքում և ընդհանրապես Ադրբեջանի քաղաքական կյանքում կանանց բացակայությունը:

«Ընտրությունների օրը դիտորդները նկատել են զգալի թերություններ՝ քվեարկության գաղտնիության հարցում, բազմակի քվեարկության փաստեր, քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ և այլն: Սա լուրջ հարցադրումներ է առաջացնում այն մասին, թե արդյոք քվեաթերթիկներն ազնիվ են հաշվվել»,- ասել է նա։

«Լրատվամիջոցների նկատմամբ կիրառված խիստ սահմանափակող օրենքները, ինչպես նաև ընդդիմադիր լրագրողների վերջին ձերբակալությունները խոչընդոտել են լրատվամիջոցների ազատ գործունեությանը և հանգեցրել համատարած ինքնագրաքննության՝ սահմանափակելով անկախ լրագրության և քննադատական բանավեճի շրջանակը»,- նշել է Ռիդերը:

«Թեև ընտրությունների նախապատրաստումն արդյունավետ և պրոֆեսիոնալ էր, ներառյալ տեղամասային հանձնաժողովների անդամների վերապատրաստումը, կարևոր երաշխիքները հաճախ անտեսվում էին ընտրությունների օրը, և մենք նկատեցինք զգալի ընթացակարգային սխալներ ողջ օրվա ընթացքում»,- ընդգծել է ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար Էոգան Մերֆին:

Ասուլիսի ընթացքում Համատեղ առաքելության ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ ընտրական հանձնաժողովների կազմը քաղաքականապես հավասարակշռված չի եղել, տեղի են ունեցել ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության իրավունքների և ազատության խախտումներ։

«Սա չի համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»,- ասել են նրանք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իլհամ Ալիևը հաղթել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում՝ ստանալով քվեների ավելի քան 92 տոկոսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ