Դատախազությունը ստացել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրին դատախազությունից:

Փետրվարի 6-ին Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմիջնորդի, որ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով անցնող կալանավորվածներին ազատ արձակեն։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվել է: Գործը կապված է Գևորգյանի՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ:

Հունվարի 31-ին, հայտնի դարձավ, որ ուժային կառույցները՝ Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, համատեղ խուզարկություններ են կատարել Էկոնոմիկայի նախարարությունում և բազմաթիվ անձանց հասցեներում, ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, որի պաշտոնից ազատման մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան: Կան նաև այլ ձերբակալվածներ:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ՝ կատարվածի առնչությամբ ներկայացնելով մանրամասներ:

Հակակոռուպցիոն դատարանը 2 ամիս ժամկետով նաև կալանավորել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ