«Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը չի պատկանում ԱԺ նախագահի ընտանիքին եւ չունի որեւէ արտոնյալ կարգավիճակ

Տեւական ժամանակ հետեւելով «Ֆրինյուզ» հեռուստաընկերության, վերջինիս տնօրեն Մարիամ Մարգարյանի եւ նրա ամուսնու` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունը շահարկող տարատեսակ հրապարակումներին, մենք զերծ էինք մնում պաշտոնական հերքումներից, սակայն այսօր «Ժողովուրդ» օրաթերթում լույս է տեսել. «ԱԺ նախագահի կնոջ Freenews-ը չի մարում պետության պարտքերը. արտոնյալ կարգավիճակ» վերնագրով մի հոդված, որին հարկ ենք համարում արձագանքել:

Ի գիտություն հոդվածը հրապարակած մեր գործընկերների, ուզում ենք տեղեկացնել, որ «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը չի պատկանում ԱԺ նախագահի տիկնոջը, վերջինս պարզապես այդ հեռուստաընկերության տնօրենն է: Իսկ արտոնյալ կարգավիճակի մասին շահարկումներն ինքնին անհեթեթ են, քանզի արտոնյալ կարգավիճակ ունեցողների հանդեպ պատժամիջոցներ չէին կիրառվի` անջատումներ չէին լինի:

Հոդվածում տեղեկացնում են մեր այլ գործընկեր կառույցների` «ԱԹՎ» եւ «Ֆորտունա» հեռուստաընկերությունների պարտքերի մասին, սակայն մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ պարտքերը դեռ չեն մարել նաեւ այլ հեռուստաընկերություններ, սակայն վերջիններիս նկատմամբ վերոհիշյալ պատժամիջոցներն անգամ չեն կիրառվում, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ «Ֆրինյուզը» չունի որեւէ արտոնություն այլ հեռուստաընկերությունների նկատմամբ:

Ինչ վերաբերում է «Ֆրինյուզ» հեռուստաընկերության Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարի ուշացմանը` պարտքեր կուտակվել են գրեթե բոլոր հեռուստաընկերությունների գծով, այդ պատճառով ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է հեռուստաեթերի ժամանակավոր անջատումներ՝ մինչ պարտքի ամբողջական մարումը: Ի սկզբանե, պատժամիջոցը կիրառվել է ոչմիայն մեր նկատմամբ, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները նման խնդիր ունեցել են, մի մասն արդեն պարտքերը մարել են, մյուսներն առայժմ ընթացքի մեջեն:

«Ֆրինյուզ»-ն իր հերթին այս ամիս փոխանցել է ամսական վճարը, առաջիկայում պարտավորվում է մարել կուտակված պարտքն ամբողջությամբ` համաձայն Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցի հետ ձեռք բերվելիք ժամանակացույցի պայմանավորվածության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ