Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. մեղադրանք է ներկայացվել 4 անձի

Բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

«2023թ․ դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Աշխաբադի փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ոստիկանության Ավանի բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված, սպիտակ բյուրեղանման զանգված:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված նշված՝ ընդհանուր 2.43 գրամ քաշով բյուրեղային զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների իրացման մի քանի դեպքեր, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված նաև այլ անձանց ինքնությունը։

Մասնավորապես, 2023թ. դեկտեմբերի 8-ին հիշյալ քաղաքացին իր ծանոթ Ն․Մ․–ին բջջային հավելվածով զրույցի ընթացքում առաջարկել է իրեն «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց վաճառել։

Վերջինս, ընդառաջ գնալով առաջարկին, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի 2.43 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և նույն օրը Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող իր տան մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ 70 000 ՀՀ դրամով այն ապօրինի իրացրել նրան։

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ Ն․Մ․–ն, Մ․Կ․–ի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, ուղևորվել է մեկ այլ անձի՝ Գ․Ա․–ի՝ Սևան քաղաքում գտնվող բնակության վայր, որտեղ վերջինս իր կողմից Մ․Կ․–ին ապօրինի իրացնելու համար նախատեսված առանձնապես խոշոր չափի՝ 29.38 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը Մ․Կ․–ին հանձնելու նպատակով, մրգերի, պահածոների փաթեթի հետ փոխանցել է Ն․Մ․–ին։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերջինս դեկտեմբերի 15-ին հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Պարզվել է նաև, որ Մ․Կ․–ն, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և Առինջ գյուղում գտնվող իր տանն ապօրինի պահել է ընդհանուր՝ խոշոր չափի 4.12 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը 2023թ. դեկտեմբերի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ 4 անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։

Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ