Երբևէ ձեզ հարց տվե՞լ եք, թե արդյոք գոյություն ունե՞ն վարդագույն դելֆիններ, թե դրանք զուտ մուլտհերոսներ են։
Պարզվում է, որ՝ այո։ Լուիզիանայում է ապրում Փինքին՝ լրիվ վարդագույն դելֆինը: Սովորաբար վարդագույն երանգ լինում է դելֆինների փորի հատվածում, իսկ այստեղ նա ամբողջովին վարդագույն է։
Ամենայն հավանականությամբ սա գենետիկական շեղում է, երբ տեղի չի ունեցել մաշկի մոխրագույն երանգի սովորական պիգմենտացիան։ Սա ցույց է տալիս, որ կենդանին ալբինոս է, սակայն դա չի խանգարում, որ Փինքին շատ խելացի և նորմալ դելֆին լինի, միևնույն ժամանակ՝ անսահման գեղեցիկ։
Երկար ժամանակ Փինքիի սեռական պատկանելիության հարցը բաց էր մնում։ Շատերն էին փորձում պարզել դա, և վերջապես 2016 թվականին նա թույլ տվեց, որ ֆոտոխցիկը մոտենա իրեն։
Չարտերային նավի կապիտան Էրիկ Ռյուն նկարել է դելֆինին Լուիզիանայում, Չառլզ լճում նավարկության ժամանակ։ Տղամարդու առաջին հանդիպումն այս հրաշքի հետ տեղի է ունեցել 2007 թվականին։
Փինքին շատ հետաքրքրասեր դելֆին է, նա այնքան է տարվում, որ լողում է դեպի նավերը՝ 10 ֆուտ հեռավորության վրա։ Կապիտանը կիսվել է լրագրողների հետ, նա շատ ուրախ էր, որ վերջապես իմացել էր դելֆինի սեռը։
«Ես նրա զուգավորման հարյուրավոր կադրեր եմ արել և ապացուցել բոլորին, որ Փինքին էգ է։ Ես համոզված եմ, որ առաջինը ես եմ դա տեսել և լուսանկարել»։
Հիմա երբ պարզ է արդեն, որ Փինքին էգ է, հաջորդ հարցն է ծագում՝ նա հղի՞ է։ Ինչ իմանանք, միգուցե մի որոշ ժամանակ անց Լուիզիանայում մի նոր վարդագույն դելֆին հայտնվի։