Քենիայի գյուղական ուսուցիչը, որն իր աշխատավարձի մեծ մասը, որպես օգնություն, տալիս է կարիքավոր աշակերտներին, մեկ միլիոն դոլար մրցանակ է ստացել՝ որպես տարվա լավագույն ուսուցիչ աշխարհում:
Ֆրանցիսկյան կրոնական միաբանության անդամ Փիթեր Տաբիչին, որը բնագիտություն է դասավանդում, դարձել է ամենամյա Global Teacher Prize-ի դափնեկիրը:
Տաբիչին ամեն ամիս իր աշխատավարձի 80 %-ը հատկացնում է ամենաաղքատ ու ծնողներին կորցրած աշակերտների համար դասագրքեր և համազգեստ ձեռք բերելուն:
Դասարաններում 70-80 աշակերտ է, շատ երեխաներ ամեն առավոտ դպրոց են գալիս՝ ոտքով անցնելով վեց և ավելի կիլոմետր:
Փիթեր Տաբիչիի աշակերտները մրցանակներ են ստացել ազգային և միջազգային գիտական մրցույթներում, այդ թվում՝ բրիտանական Թագավորական քիմիական ընկերության մրցանակը:
Global Teacher Prize մրցանակը շնորհվում է ամեն տարի Varkey Foundation հիմնադրամի կողմից: Նրա ժյուրին բաղկացած է 150 հոգուց: Մրցանակի նպատակը, դրա հիմնադրի՝ հնդիկ գործարար Սաննի Վարկիի խոսքով՝ ուսուցչի մասնագիտության հեղինակության բարձրացումն է:
Այս տարի հաղթողն ընտրվել է 179 երկիր ներկայացնող ավելի քան տասը հազար հավակնորդներից: