Գևորգ Սիմոնյանը հրաժեշտի գրառում է կատարել

Գևորգ Սիմոնյանն աշխատանքային վերջին օրը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Այս մասին Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Սիրելի՛ երևանցիներ,

Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ այսօր՝ իմ վերջին աշխատանքային օրը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ գործունեության համար պարգևատրվեցի Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Զբաղեցնելով փոխքաղաքապետի պաշտոնը՝ ես մեծ պատասխանատվությամբ և անկեղծ նվիրումով կատարել եմ ստանձնածս պարտականությունները, ամենօրյա քրտնաջան աշխատանքով փորձել եմ իմ ներդրումն ունենալ մեր Երևանի բնականոն կյանքի ապահովման և կայուն զարգացման գործում։

Վերջին տարիների ընթացքում մենք շատ դժվար մարտահրավերներ ենք հաղթահարել` լուծելով բազում մեծ ու փոքր անլուծելի թվացող խնդիրներ՝ հանուն մեր քաղաքի ու քաղաքացիների։

Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի իմ բոլոր գործընկերներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար»։

Հիշեցնենք՝ 2023 թվականի մարտի 10-ին Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել էին, իսկ մինչ այդ խուզարկություն էր իրականացվել Սիմոնյանի աշխատասենյակում: Կալանավորված Գևորգ Սիմոնյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ապրիլի 27-ին ազատ էր արձակվել:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ