Ինչպես պետք է ԼՂ-ից բռնի տեղահանված անձը վերականգնի կորցրած անձնագիրն ու այլ փաստաթղթերը

Ժամը 15:00-ի դրությամբ հաշվառվածների ընդհանուր թիվը 89 հազար 167-ն է, որոնցից իգական սեռի ներկայացուցիչները 46 հազար 139 են, արական սեռինը՝ 43 հազար 028:

«Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:

65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների թիվը 10 հազար 700-ից ավելի է, իսկ մինչև 18 տարեկան երեխաներինը՝ շուրջ 27 հազար:

Հայաստան եկածների ճնշող մեծամասնությունը՝ 45 հազարից ավելին, եկել են Ստեփանակերտից, 15 հազարից ավելին՝ Մարտունու շրջանից, 13 հազարից ավելին՝ Մարտակերտի շրջանից, 10 հազարից ավելին՝ Ասկերանի շրջանից:

Հաշվառվածների թվում այդ պահի դրությամբ եղել է 230 հղի և 2000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ:

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Արմեն Ղազարյանը մեկ անգամ ևս հորդորեց հաշվառվել հումանիտար կենտրոններում՝ նշելով, որ չհաշվառված քաղաքացիների թիվը 10 հազարից ավելի է:

Ինչ վերաբերում է անձնագիր չունեցող կամ այն կորցրած քաղաքացիներին, ապա վերջիններս պետք է մոտենան անձնագրային ծառայություններ, ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի կորստի մասին դիմում, որպեսզի դրանք վերականգնելու գործընթաց սկսվի:

«Չնայած այն հանգամանքին, որ Երևանում ամբողջությամբ անցել էինք արդեն անձնագրային ծառայություններում օնլայն հերթագրման համակարգի, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կսպասարկվեն այդ համակարգից դուրս՝ արտահերթ ռեժիմով»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ