Մենդրա եւ Մալիա Հերինները սիամական երկվորյակներ են, որ ծնվել են ընդհանուր որովայնով, կոնքով, լյարդով, երիկամով եւ հաստ աղիով։ Բժիշկները երկյուղում էին, որ վտանգավոր վիրահատությունը կարող էր սպանել նրանց, բայց ամեն բան հաջող անցավ։
Հիմա աղջիկները 17 տարեկան են, եւ նրանց կյանքը քիչ բանով է տարբերվում մյուս դեռահասների կյանքից։
«Երբ մարդիկ իմանում են մեր պատմությունը, սկսում են շատ հարցեր տալ։ Բայց ընդհանուր առմամբ մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից»,- ասել են աղջիկները։
Աղջիկները 4 տարեկան էին, երբ բժիշկները, վերջապես, համարձակվեցին վիրահատել նրանց եւ առանձնացնել։ Վիրահատությունը տեւեց ուղիղ 26 ժամ, եւ աղջիկներից յուրաքանչյուրը դրանից հետո մնաց մեկ ոտքով։ Նրանց միակ երիկամը բաժին ընկավ Մենդրային, իսկ Մալիան ստացավ դոնորական երիկամ։
Մինչեւ բաժանումը աղջիկները երկար սովորում էին քայլել. նրանցից յուրաքանչյուրը պետք է սովորեր վերահսկել իր կողմի ոտքը։ Հիմա նրանք օգտվում են քայլակներից, բայց դա չի խանգարում նրանց վայելել կյանքը եւ անել այն ամենը, ինչ կցանկանան, անգամ գնալ մարզադահլիճ։